Ֆրանսիան աշխատում է ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի սեփական նախագծի վրա: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշատական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատտրը՝ մեկնաբանելով այն, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վերաբերյալ բանաձևի նորացված նախագիծ է մտցրել:
«Մենք մեր տեքստի վրա ենք աշխատում: Մենք ակտիվորեն պատրաստում ենք տեքստ, որը կլինի կարճ, ուժեղ և կենտրոնացած ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մեկ առաջադրանք կունենա՝ «հասնել նրան, որ միջազգային հանրությունը վերջապես միավորվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»:
Միաժամանակ, դիվանագետը շնորհակաալություն է հայտնել Ռուսաստանին ապագա բանաձևի պատրաստման գործում ներդրման համար և նշել է, որ այն ուշադրության կարժանանա:
Դելատտրի խոսքով՝ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագծում «աննշան փոփոխություններ» կան սեպտեմբերին ներկայացված նախնական տարբերակի համեմատ: Այդ փաստաթղթին չեն աջակցել արևմտյան երկրները, քանի որ կոչ է արել գործողությունները կոորդինացնել Դամասկոսի հետ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ վերամշակված տեքստում «մեծապես շեշտված են ԴԱԻՇ-ի դեմ պայքարը և համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»:









































