Ինչպե՞ս ընդգրկվեցիք հանրային հեռուստանախագծում, արդյո՞ք տեղի է ունեցել մրցույթ: Շատ տաղանդավորներ կան և սխալ է, որ ՀՀԿ-ն Ձեզ է գոծուղել: ԱԺ ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նիստում իր հարցերն ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
«Հարգելի՛ տիկին պատգամավոր, շնորհակալ եմ իմ համեստ անձի նկատմամբ Ձեր ունեցած այս մեծ հետաքրքրության համար: Դևը Ձեզ ոչ թե բռնել է այլ մտել է Ձեր մեջ այսօր»,- ի պատասխան արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և հավելեց.«Ազգային հեռուստառադիոընկերության կողմից ստացել եմ առաջարկ և ընդունել եմ: Աշխատավարձի չափը կճշտեք Ձեր պատգամավորական հարցումով կամ ուշիուշով հետևելով իմ եկամուտների հայտարարագրին:
Ես հասկանում եմ՝ ինչու եք վրդովված, գուցե դուք էլ եք ուզում մի օր հայտնվել մեր տաղավարում, վստահաբար կհայտնվեք ինչ-որ մի թեմայով: Չգիտեմ Ձեր տաղանդները ինչպես կգնահատեն մեր մասնավոր և հանրային ընկերությունները, բայց վստահաբար դուք հայկական քաղաքական շոու բիզնեսում ձեր տեղն ունեք և այսօր էլ այդտեղի տիրուհին եք: Ես ուրախ եմ, որ Ձեր նման ապագա աստղ կունենանք մեր տաղավարում, որը իր ներկայությամբ կզարդարի իմ համեստ քաղաքական թոք-շոուն»:









































