Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հետաքննում է ԴԱԻՇ-ը քարոզող վրացերեն լեզվով կայքի հայտնվելու փաստը: Այս մասին «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան:
Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Վրաստանում անվտանգության բոլոր միջոցները ձեռնարկվել են, այդ թվում՝ ուժեղացվել են միջոցառումները սահմաններին և օդանավակայաններում: Ուժեղացվել է հսկողությունը նաև ռազմավարական առումով բոլոր կարևոր օբյեկտներում:
«Մաեստրո» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է կայքի էջի վրացերեն սքրինշոթը՝ «Խալիֆաթ-ԴԱԻՇ»:
«Բացի այդ էջից, գոյություն ունեն նաև ուրիշներ, և այդ փաստով հետաքննություն է սկսվել: Բնականաբար, ելնելով հետաքննության շահերից և օպերատիվ միջոցառումներից՝ մենք հետևում ենք, թե ով է դրանց ակտիվ օգտատերը: Բայց մոտ ժամանակներս մենք դատարան կդիմենք նման կայքերի արգելքի համար»,- ասել է Իզորիան:
Մինչև վերջերս կայքի հասանելիությունը սահմանափակված չի եղել, որպեսզի Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկությունը ճշտեր՝ նշել է նա:
«Այժմ մենք հիմք ունենք որոշակի անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու»,- հայտարարել է Իզորիան:








































