Երևանում տեղի է ունեցել առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջին նիստը: Այդ խորհուրդը ստեղծվել է հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների պայմանագրի համաձայն, որ ստորագրվեց ընթացիկ տարվա մայիսին, Վաշինգտոնում՝ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
Խորհուրդը պետք է պարբերաբար նիստեր անցկացնի և քննարկի Հայաստանում ամերիկյան ներդրումներին խոչընդոտող խնդիրներ, որոնց հաղթահարումը կնպաստի հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների խորացմանը: Մյուս կողմից՝ այդ հարաբերությունների խորացման համար ոչ թե խորհուրդ է պետք կամ՝ ոչ թե առևտրի և ներդրումների խորհուրդ, այլ պետք է պարզ ու սովորական մի խորհուրդ Հայաստանի իշխանությանը, մասնավորապես, իրավապահ կառույցներին՝ զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարով: Դա է թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական, թե՛ որևէ այլ տնտեսական կապերի զարգացման գրավականը, այդ թվում և հայ-ռուսական:
Բանն այն է, որ առաջին հայացքից հակառակն է թվում՝ Հայաստանում կոռուպցիոն համակարգի պայմաններում բարգավաճում է լոկ հայ-ռուսական տնտեսական կապը, և Հայաստանի տնտեսությունը էապես ռուսիֆիկացված է: Սակայն երբ խորությամբ դիտարկում ենք իրավիճակը, ապա տեսնում ենք, որ այստեղ ըստ էության տնտեսական կապ չկա, այստեղ կապը քաղաքական է, և կոռուպցիան ոչ թե զարգացնում է տնտեսական կապը, այլ խաթարում է այն: Վկան ՀԷՑ-ի գործունեությունն է:
Այնպես որ՝ Հայաստանում կոռուպցազերծ միջավայրի կարիք ունի նաև հայ-ռուսական բիզնեսը, եթե դա իրապես բիզնես է, ոչ թե քաղաքական մահակ, որ ՌԴ իշխանությունների ձեռքին օգտագործվում է Հայաստանը ռուսական ենթակայության տակ պահելու համար:
Հայաստանն ու ԱՄՆ-ը համագործակցում են մեկ այլ խորհրդում ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական նոր խորհուրդ, արդեն համեմատաբար նոր խորհուրդ, որը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը չտեսնի գործնական արդյունքներ, ապա կդադարեցնի համագործակցությունը այս խորհրդի շրջանակներում:
Խորհուրդները Հայաստանի իշխանությունների քաղաքական կրեդոն են, քանի որ այդ իշխանություններն ըստ էության խորհրդային իշխանություններ են: Եվ այս իրավիճակում, իհարկե, ակնկալել, որ դրանք գործնականում բերելու են իրավիճակի այլ զարգացման, քան զարգացել է իրավիճակը ԽՍՀՄ տարիներին, երևի թե միամտություն է:
Մյուս կողմից՝ հասկանալի է նաև արևմտյան գործընկերների, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի վիճակը: Խնդիրն այն է, որ նրանք ըստ էության զրկված են այլընտրանքից՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունների հետ չաշխատելու դեպքում նրանք չունեն աշխատանքային գործընկեր: Իսկ իշխանություններն ունեն՝ ԵՏՄ-ն Հայաստանի իշխանությունների աշխատանքային այլընտրանքն է, և Միացյալ Նահանգները սա շատ լավ է հասկանում:
Այդ պայմաններում ուրիշ բան չի մնում, քան աշխատել իշխանությունների հետ տարբեր ֆորմատներով՝ փորձելով հատիկ առ հատիկ կառուցել նոր իրականության մի պատկեր, որը կարող է ինչ-որ տարբերություններ ունենալ առկա իրականությունից: Բայց դա էլ նշանակում է, որ դեռ շատ խորհուրդներ ստեղծելու կարիք կլինի՝ մինչ Հայաստանում տարբերությունը շոշափելի դառնա ամերիկացի, ինչպես նաև բոլոր այն ներդրողների համար, որոնք լիովին այլ քաղաքակրթության բիզնես-մշակույթի կրողներ են, և որոնց ներկայությունը Հայաստանում պետության համար ունի ռազմավարական նշանակություն:
Ողջունելի կլինի, իհարկե, վերջին խորհուրդը, որը կնշանակի, որ մոտենում ենք արդեն «առաջին» ներդրմանը: Խոսքն, իհարկե, հենց նոմինալ առումով առաջինի մասին չէ, քանի որ այդպիսին արդեն եղել է, խոսքը այն ալիքի, գործընթացի, միտման և ընդհանրապես մտայնության մասին է, որ Հայաստանի մասով կարող են ունենալ ամերիկյան ներդրողները, որի շնորհիվ Հայաստանը կգունավորվի ամերիկյան կապիտալի ներդրումային քարտեզում:












































