ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ նիստում անդրադարձավ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում իրենց շտաբի արձանագրած խախտումներին: Նա նշեց. «Խախտումներ են՝ Գագիկ Հարությունյանի՝ հանձնաժողովի անդամ լինելը և քարոզելը, կառավարության անդամների մասնակցությունը շտաբների աշխատանքներին, նախարարների, մարզպետների ներգրավվածությունը այս գործընթացին, սա քրեական հետապնդման թեմա է, ոչ մեկը իրավունք չունի վարչական ռեսուրսն օգտագործել քարոզչության համար: Ավելի արտառոց է այն, որ ՆԳՆ-ում ստեղծվել է շտաբ, մինչդեռ ՆԳՆ-ի սուրբ պարտականությունն է հասարակական կարգը պահպանելը, ոչ թե պետք է օպերատիվ շտաբ ձևավորի, ավելի քան տարօրինակ է, որ ոստիկանական զորքերի պետը այս հանձնաժողովի անդամ է: Թող մեկը բացատրի, թե զորքերի հրամանատարն ինչ գործ ունի այս հանձնաժողովում:
Վերջին օրերին այս ամենին ավելացել են նաև այլ խախտումներ, մի քանի նախարարություններ, պետական հիմնարկներ, դպրոցներ, հավաքում են աշխատակիցներին, ցուցակներ են կազմում, ստորագրություններ են հավաքում, իրենց ասելով՝ ճշտում են՝ «Այո» են, թե «Ոչ», երբեմն նաև հայտարարում են, որ «Ոչ»-ի դեպքում նրանք կարող են ազատվել աշխատանքից»:








































