Ամերիկացի գիտնականները պարզել են կատուների՝ ուտելիքի հարցում քմահաճ լինելու պատճառը: Նրանք կատուների մոտ հայտնաբերել են խոտակերներին հատուկ գեներ: Մասնավորապես, հայտնաբերվել է դառը համի ընդունման համար պատասխանատու գեն, որն անհրաժեշտ է կենդանիներին թունավոր բույսեր կամ չհասած մրգեր ուտելուց պաշտպանելու համար: Այս մասին գրում է PloS ONE-ը:
Քաղցր համը կենդանու համար ազդանշան է, որ ուտելիքը պարունակում է էներգիայի կարևոր աղբյուր՝ շաքար: Դառը համը ցուցիչն է այն բանի, որ ուտելիքի մեջ կարող են լինել վնասակար և նույնիսկ թունավոր տոքսիններ: Ընդ որում, էվոլյուցիայի ընթացքում կատուները զրկվել են քաղցր համն զգալու ունակությունից, բայց դառը համը շարունակում են զգալ, որի համար պատասխանատու է 12 գեն:









































