Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի 17-ին ձերբակալել է Աբդեսլամ Սալահիին, ում նկատմամբ հետախուզում Էին հայտարարել Ֆրանսիայի իշխանությունները Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է RTL-ը։
«Աբդեսլամ Սալահը ձերբակալվել է իր տանը, որի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը դեպքի վայրից:
Ավելի վաղ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ Ֆրանսիայի հետաքննչական մարմիններին և ուժային գերատեսչություններին հաջողվել Է պարզել այն երեք մարդկանց ինքնությունը, ովքեր նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել են մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացմանը:
Այդ ահաբեկիչներից երկուսը ավելի վաղ բնակվել են Բելգիայում՝ ունենալով Ֆրանսիայի քաղաքացիություն: Նրանցից մեկը 20 տարեկան է, և հենց նա է իրեն պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ: Երկրորդ մահապարտ ահաբեկիչը (31 տարեկան) շահիդի գոտին պայթեցրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արևելյան շրջանում՝ Վոլտերի ծառուղում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ:
Ավելի վաղ պարզվել էր մյուս ծայրահեղականի ինքնությունը. խոսքը Օմար Իսմայիլ Մոստեֆայի մասին է, որը 29 տարեկան է: Նա միակն է, որին հաջողվել է ճանաչել այն ահաբեկիչների խմբից, որոնք սպանդ էին իրականացրել «Բատակլան» համերգասրահում: Ներկայում առկա տվյալներով՝ ահաբեկչությանը մասնակցել է ընդամենը 8 մարդ:









































