Հայաստանի Լիբերալ կուսակցության առաջնորդ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկարագրելով սահմանադրական հանրաքվեի արտաքին կոնտեքստը՝ ասաց. «Համաշխարհային ուժերից ԵՄ-ն, օրինակ, դեմ չէ այս փոփոխություններին, և նրանք իսկապես Հայաստանում ցանկանում են տեսնել կառավարման համակարգի փոփոխություն, ինչը բնական է, որովհետև խորհրդարանական կառավարման համակարգն ավելի պրոգրեսիվ է համարվում»:
Ինչ վերաբերում է այս փոփոխությունների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին, ապա ինչպես նկատեց պարոն Հովհաննիսյանը՝ Ռուսաստանն այն երկիրը չէ, որ եթե արմատապես դեմ լիներ, ապա դա նրբորեն ակնարկեր. «Նրանք համարում են, որ դա ոչինչ չի փոխի Հայաստանում: Այնպես որ՝ Ռուսաստանի կողմից լուրջ հակազդեցություն սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ես չեմ նկատում»:
Հովհաննես Հովհաննիսյանը խոսելով սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իր անձնական դիրքորոշման մասին՝ ասաց. «Ես չեմ միացել «ոչ»-ի ճակատին: Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը շատ ավելի ժողովրդավարական է, բայց խնդիրն այն է, որ այս փոփոխությունները նախաձեռնել է մի իշխանություն, որի նկատմամբ վստահության պակաս կա: Այնուամենայնիվ՝ մենք պետություն ենք և պետք է ավելի հեռանկարային նայել. այս նոր Սահմանադրության շրջանակներում ապագայում նոր շանս է ընձեռվում, որովհետև այս Սահմանադրության մեջ, ի տարբերություն հնչեցված տեսակետների, դրված է կոլեկտիվ պատասխանատվության խնդիրը: Եվ եթե մենք ունենայինք այսպիսի Սահմանադրություն, ապա 2013-ի սեպտեմբերի 3-ին մի գեշերվա մեջ չէինք հայտնվի ԵՏՄ-ում և գոնե կունենայինք հարցը հանրաքվեի դնելու իրավունք»:
Մյուս կողմից, սակայն, Հովհաննես Հովհաննիսյանը կասկած հայտնեց, թե նոր Սահմանադրությամբ խորհրդարանի դերը մեծացնելու պայմաններում որքանո՞վ ունակ կլինեն խորհրդարանում հայտնված պատգամավորները ստանձնել քաղաքական պատասխանատվություն և կատարել քաղաքական որոշումներ. «Այսինքն՝ իշխանությունը պետք է պատրաստտ լինի խորհրդարան բերելու մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը պետք է կարողանա կրել այդ պատասխանատվությունը»:
Գնահատելով ընդդիմադիր ուժերի գործողությունները՝ մեր զրուցակիցը նկատեց. «Եթե այս խնդիրը դրված է որպես կենաց-մահու խնդիր «ոչ»-ի և «այո»-ի միջև, կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է շատ ավելի համախմբված և շատ ավելի միատարր լիներ, ինչը, ցավոք, այսօր չկա»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավարը անդրադառնալով Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովում վերջերս ընդունված հակահայկական նախագծին և այդ կապակցությամբ հնչող գնահատականներին՝ ասաց. «Ես կարծում եմ, որ չի կարելի պիտակավորել եվրոպացի պատգամավորներին, պետք է նրանց հետ աշխատել: Հեշտ է հայկական պատվիրակությանը կշտամբել. կարծում եմ, որ մեր պատվիրակությունն ի վիճակի է աշխատել, ինչը մեկ անգամ արդեն ապացուցել է: Այս բանաձևը փոքրիկ ժեստ էր Ադրբեջանին՝ վերջնականապես Ադրբեջանից չկտրվելու համար»:
Այնուամենայնիվ, պարոն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ լիագումար նիստի ժամանակ այս որոշումը չի ընդունվի, քանի որ մեզ աջակցեց ԵԱՀԿ Մինսկի խումբը:








































