Bild am Sonntag-ի փոխանցմամբ՝ Փարիզի ահաբեկչություններից հետո Գերմանիայի կառավարությունը մտադիր է զգալիորեն մեծացնել երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցների թիվը։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը գրեթե 500 նոր աշխատատեղի ստեղծման մասին է։
Դաշնային հետախուզական ծառայությունը կարող է ստանալ 225 հավելյալ աշխատակից, որոնցից 125-ը կաշխատեն ահաբեկչության դեմ պայքարի բաժնում։ Պետական հիմնարկների պաշտպանության դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) ստանալու է 250 նոր աշխատակից, որոնցից 150-ը զբաղվելու են ծայրահեղականությանը հակազդելով։
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը երեկ երեկոյան, ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Գերմանիան խստացնելու է անվտանգության միջոցառումները։








































