Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը լիովին արդարացրել է 80-ամյա Վինսենտ Ասարոյին, որը համարվել է «Բոնանո» մաֆիոզ կլանի պարագլուխներից մեկը: Նրան կասկածել են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ԱՄՆ պատմության խոշորագույն գողություններից մեկին՝ «դարի կողոպուտին» մասնակցության մեջ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
1978թ. դեկտեմբերին անհայտ անձինք Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի անգարից գողացել են Lufthansa ընկերությանը պատկանող 5 մլն դոլար: Իրավապահներին այդպես էլ չի հաջողվել վերադարձնել գողոնը:
Ասարոն ձերբակալվել է անցած տարվա հունվարին: ՀԴԲ-ում պնդել են, որ Ասարոն կողոպուտի վերջին մասնակիցն է: Մյուս բոլորին կամ սպանել են գողացված փողերը բաժանելիս, կամ դատապարտել են:
Երդվյալ ատենակալներին համոզել են Ասարոյի փաստաբանների փաստարկները, որոնք պնդել են, որ նրա դեմ բոլոր մեղադրանքները շինծու են:








































