Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հուսով են, որ ԴԱԻՇ-ից Սինջարն ազատագրելու գործողությունը կավարտվի 10 օրվա ընթացքում։
Այդ մասին հայտարարել է ինքնավարության կառավարության ներկայացուցիչ Հայրի Էլիաս Ալին։ Փեշմերգան (քրդական զինված ուժեր) Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Սինջար քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությունը սկսել են այսօր առավոտյան։
Հայրի Էլիաս Ալին հայտարարել է, որ Սինջարի ազատագրման գործողությանն աջակցում են միջազգային դաշինքի ավիացիան՝ F-15, F-16 ինքնաթիռներով, Փեշմերգայի մոտ 20.000 զինծառայող, որոնցից 7500-ը եզդիներ են։
Նա հավելել է, որ այդ գործողությունը ստացել է «Մալաք Թավուսի ցասում» անվանումը (Մալաք Թավուսը եզդիների կրոնի գլխավոր հրեշտակն է)։










































