Հայաստանում Եվրամիության նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Lragir.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերության հեռանկարներին, բավական պարզ կերպով անդրադարձել է այդ հեռանկարների առաջ կանգնած մի շարք խնդիրների, միաժամանակ նաև որոշակի փակագծեր բացել հնարավոր նոր ուղղությունների, մասնավորապես՝ անվտանգության մասով: Եվրամիության նոր դեսպանը մասնավորապես հայտարարել է, որ Հայաստանի հանրության շրջանում կա Եվրոպայի, իրական եվրոպական քաղաքակրթության, եվրոպական արժեքների, Եվրամիության կառուցվածքի, փոխհարաբերությունների վերաբերյալ իրազեկվածության պակաս: Ավելին՝ Եվրամիության դեսպանն ընդունել է, որ կա կա սուտ, որը Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերության խորացման դեմ հանդես եկող որոշ շրջանակներ տարածում են Հայաստանի հասարակության շրջանում:
Ըստ էության, սա առանցքային մեսիջ է Հայաստանում Եվրոպայի դիրքերի մասով, ըստ էության, տագնապ այն մասին, որ Հայաստանում Եվրոպայի ներկայացվածության համար, Եվրոպայի շուրջ իրազեկվածության համար ծախսված գումարներն ու ռեսուրսները չեն հասել իրենց նպատակին:
Դեսպանը հիշեցնում է, որ ավելի քան կես միլիարդ դոլար է ծախսվել այս տարիներին Հայաստանում, սակայն իրազեկվածության մակարդակը բավարար չէ: Դա նշանակում է, որ բավարար չի եղել այդ ծախսի արդյունավետությունը, ինչը իր հերթին ոչ միայն կոնկրետ գնահատական է Եվրոպայի հայաստանյան, այսպես ասած, ոչկառավարական գործընկերների արդյունավետության մասով, այլ նաև հենց Եվրոպայի ներկայացուցչությունների, և առաջին հերթին՝ Եվրամիության ներկայացուցչության:
Ըստ էության, Պյոտր Սվիտալսկին քաղաքական գնահատական է տալիս Հայաստանում Եվրոպայի դեսպանների աշխատանքին՝ այդ աշխատանքը գնահատելով անբավարար: Եվ սա շատ կարևոր, հիմնարար նշանակություն ունեցող հանգամանք է, ինչն ըստ էության կարող ենք փաստել հենց հայաստանյան ներքաղաքական կյանքի պրոյեկցիայով: Հայաստանում նախկին կամ ներկա պաշտոնյաներն ամեն կերպ խուսափում են քաղաքական գնահատական տալ որևէ իրադարձության, որ տեղի է ունեցել իրենց պաշտոնավարման տարիներին նախկինում, որովհետև քաղաքական գնահատականը գալիք քայլերի պատասխանատվության բարձրացման նախադրյալ է:
Եվ այս իմաստով, Եվրամիության նոր դեսպանը, ըստ էության, քաղաքական գնահատական է տալիս իրավիճակին, Եվրամիության քայլերի արդյունավետությանը Հայաստանում, ինչը նշանակում է, որ նոր դեսպանը գործելու է առավել պատասխանատու նշաձողերով և քայլերով, ինչը հույս է ներշնչում, որ կարող է բերել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների որակական փոփոխության նախևառաջ հասարակական լայն շերտերում:
Մեկ այլ կարևոր հայտարարությունը երևի թե այն է, որ դեսպանը ըստ էության նախանշում է հնարավոր նոր ուղղություն այդ հարաբերություններում՝ անվտանգությունը, հայտարարելով, որ եթե Հայաստանը պատրաստակամ լինի, ապա կարող են քննարկել նաև այդ բաղադրիչը: Սա բավական շոշափված թեմա է, այն իմաստով, որ Ասոցացման համաձայնագրի գործընթացի տապալման կեղծ կամ իրական պատճառներից մեկն էլ բերվեց այն, որ չկար ապահովագրություն անվտանգության կարևոր հարցում: Եվրոպան, փաստորեն, Հայաստանին առաջարկում է այդ ապահովագրության մեխանիզմների քննարկում, ինչը ըստ էության նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող նման պատճառաբանություններ բերել Եվրամիության հետ հարաբերությունների ընթացքը արգելակելու համար՝ որպես արդարացում:
Ակնհայտ է, որ առանցքային հաղորդագրությունների իմաստով Եվրամիության նոր դեսպանը սկսում է բավական դիպուկ թիրախավորումով, և այդ իմաստով, իհարկե, սա ինքնին Հայաստան-Եվրոպա հարաբերության կարևոր խնդիրներից մեկն էր՝ այդ հարաբերության առանցքաին արգելակների և խոչընդոտների մասին անկեղծ խոսակցության գրեթե բացակայությունը:
Այս տեսանկյունից Պյոտր Սվիտալսկին, փաստորեն, փորձում է ներդնել նոր ոճ, ինչն անկասկած Եվրամիության քաղաքական որոշման արգասիք է: Եվ այստեղ իհարկե առաջանում է համարժեք քաղաքական գործընկերոջ առկայության խնդիրը:










































