Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցից հետո հայկական մամուլի մի շարք հրապարակումներ ակտիվացրին տարածքային փոխզիջումների կամ զիջումների թեման: Ըստ այդ հրապարակումների՝ ղարաբաղյան խնդրում հենց այդ հարցն է եղել Լավրովի և Հայաստանի իշխանությունների քննարկումների առանցքային թեման: Այս հարցը Հայաստանում պարբերաբար լողում է ջրի երես, հետո որոշակի ժամանակ անցնում «հատակ» կամ ընդհատակ:
Միաժամանակ հստակ է նաև, որ թեմայի ակտիվացումը շատ հաճախ պայմանավորված է լինում ոչ ինքնին արտաքին քաղաքական զարգացումներով, որքան ներքաղաքական պայքարի տրամաբանությամբ: Եվ այս տեսանկյունից, սահմանադրական փոփոխությունների ներկայիս շրջանակում սպասելի է, որ ղարաբաղյան խնդրում տարածքային զիջումների կամ փոխզիջումների թեման կարող է դուրս գալ առաջնային պլան և դառնալ ներքաղաքական խաղարկման առարկա: Այստեղ սակայն կա մեկ այլ իրողություն: Դա կարող է լինել ոչ թե արհեստածին, զուտ ներքին մոտիվներով թելադրված ակտիվացում, այլ հարցն իրականում կարող է լինել արտաքին քաղաքական օրակարգում, պարզապես հենց այդ հանգամանքով պայմանավորված էլ հայտնվել ներքաղաքական խաղարկումների առանցքում:
Եվ այստեղ իհարկե հասարակության համար, ելնելով պետական անվտանգության տրամաբանությունից ու հրամայականից, առանցքային է դառնում պարզել, հասկանալ, թե որքանո՞վ է տարածքային փոխզիջման կամ զիջման հարցը առկա արտաքին քաղաքական օրակարգում, կա՞ այն որպես հասունացած կամ ակտիվացած մարտահրավեր այս պահին, թե՞ պարզապես իրավիճակը արհեստականորեն թելադրված է ներքին զարգացումների տրամաբանությամբ:
Հանրությանն իրավիճակը անհրաժեշտ է հասկանալ այն նկատառումով, որ ըստ դրա էլ պետք է ձևավորվի հանրային արձագանքը արծարծվող խնդրի հանդեպ: Այսինքն՝ հասարակությունը պետք է հասկանա՝ արձագանքո՞ւմ է մարտահրավերին, որ իրականում կա և հրատապ է, թե՞ ներգրավվում է ներքաղաքական շահարկումների մեջ:
Բանն այն է, որ եթե Հայաստանի քաղաքացիները չկարողանան գտնել տարբերակման բանաձևը, ապա իրադրությունը շատ նման կլինի հանրահայտ պատմությանը հովվի մասին, որը գյուղացիներին անընդհատ խաբում էր գայլի հարձակման մասին կեղծ ահազանգերով, և երբ մի օր գայլը իրականում հարձակվել էր նրա վրա, ոչ մի գյուղացի օգնության չշտապեց՝ համարելով, որ հերթական կեղծ աղաղակն է: Եվ այս տեսանկյունից, Հայաստանի հասարակությունը ինքնին կանգնած է կարևոր մի մարտահրավերի առաջ, որովհետև վերջին հաշվով բացառված չէ, որ այդ իրավիճակը ևս բավական հմտորեն կազմակերպված է՝ հասարակության զգոնությունը բթացնելու և արդեն հարկ եղած պարագայում կեղծ ու իրական ահազանգը չտարբերակելու համար:










































