ԱՄՆ իշխանությունները սիու ժողովրդի հնդկացիներին թույլ չեն տվել Հարավային Դակոտա նահանգում իրենց հողերում ստեղծել երկրում առաջին «մարիխուանայի հանգստավայրը»: Այս մասին երկուշաբթի հայտնում է Associated Press-ը:
Բնիկ ամերիկացիները, ինչպես Associated Press-ին պատմել են նրանց պաշտոնական ներկայացուցիչները, այդ հարցով ԱՄՆ արդարադատության նախարարության և նահանգի դատախազի հետ բանակցել են վերջին 3 շաբաթներին: Այդ խորհրդակցությունների արդյունքներով հնդկացիներին այդպես էլ չի հաջողվել պաշտոնական թույլտվություն ստանալ իշխանություններից, և նրանք որոշել են այրել հետագա իրացման համար իրենց ավելի վաղ տնկած կանեփը:
Անցած տարի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հնդկացիական ցեղերին թույլ է տվել երկրում սեփական հայեցողությամբ որոշել՝ օրինականացնե՞լ մարիխուանան իրենց հողերում, թե՞ ոչ: Սիուն Հարավային Դակոտայում այս տարվա հունիսին օրինականացրել է այդ թմրանյութը: Նրանք ծրագրել են զանգվածաբար արտադրել և վաճառել այն Հարավային Դակոտայի և այլ նահանգների բնակիչներին: Տեղի ԶԼՄ-ներն այդ նախագիծն անվանել են «մարիխուանայի հանգստավայր»: Սիու ժողովրդի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ նախաձեռնությունը պետք է ամսական բերեր մոտ 2 մլն դոլարի շահույթ, վաճառքը ծրագրվել էր սկսել դեկտեմբերի վերջին:








































