Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցամբ՝ մոտ ժամանակներս Սիրիայում պայթելու է մեծ պատերազմ, իսկ Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են խոշոր գործողություն սկսել ԴԱՒՇ-ի դեմ։ Այդ մասին հայտնել է կառավարությանն ամենամոտ կանգնածներից Աբդուլքադիր Սելվին։
Նրա խոսքով՝ Թուրքիան այս անգամ ակտիվ դերակատարություն է ունենալու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում. «Մեծ պատերազմ է գալիս, որի կենտրոնում գտնվելու են Ռաքքան ու Ջերաբլուսը։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերն Ջերաբլուսում խոշոր գործողություն կսկսվի ԴԱԻՇ-ի դեմ։ Թուրքիան մինչ այս էլ է մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին, սակայն այս անգամ դա լինելու է այլ կերպ։ Թուրքիան ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություն է ձեռնարկելու ԴԱՒՇ-ի դեմ, որին չեն մասնակցելու թուրքական ցամաքային ուժերը։ Մենք և ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ին հարվածելու ենք օդից, իսկ ցամաքում նրանց դեմ գործելու են արաբների ու թուրքմենների ջոկատները։
Գործողության նպատակը ԴԱԻՇ-ին տվյալ տարածաշրջանից վռնդելն է։ Իսկ երկրորդ նպատակը լինելու է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) առաջխաղացումը կանխելը»։
Ընդգծվում է, որ Ջերաբլուսը Թուրքիայի համար ռազմավարական կարևորություն ունի, դրա միջոցով Թուրքիան կապ է պահում Սիրիայի ներքին շրջանների, թուրքմենների ու արաբների հետ։ Թուրքիան կարևորում է տվյալ շրջանում անվտանգության գոտի ձևավորելն ու թույլ չտալը, որ PYD-ն ինքը վերահսկի տվյալ տարածաշրջանը՝ այնտեղից դուրս մղելով ԴԱԻՇ-ին։







































