Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է փորձարկման ենթարկվող առնետներին արհեստական աճեցված երիկամի փոխպատվաստում կատարել: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Գիտնականների խմբի հաշվետվության մեջ նշվում է, որ փոխպատվաստված օրգանը աշխատունակ է: Նրանք նշում են, որ երիկամներ աճեցնելու այս տեխնոլոգիան ապագայում թույլ կտա նաև այլ օրգաններ աճեցնել, այդ թվում նաև՝ սիրտ:
Այս գործընթացի ընթացքում որպես հիմք վերցվել է նույն առնետի երիկամը: Այնուհետև այն ախտահանել են և թողել միայն երիկամի կաղապարը: Դրանից հետո օրգանը կրկին ստեղծել են նորածին առնետների և մարդու էնդոթելային բջիջներից, որոնցից կազմված են արյունատար անոթները: