Անհայտ հաքերները, ամենայն հավանականությամբ՝ Պերուից, կոտրել են Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի Twitter-ի միկրոբլոգը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա ընտրական շտաբի ներկայացուցիչներին:
Մադուրոյի միկրոբլոգի վրա հարձակումը կատարվել է Վենեսուելայում ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ առաջ:
«Հուսահատությունից նրանք կոտրել են նաև Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության Twitter-ի միկրոբլոգը»,- հայտարարել է երկրի փոխնախագահ Խորխե Արեասան:
Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ դիմակայելու համար ղեկավարության ներկայացուցիչների միկրոբլոգների վրա հաքերային հարձակումները:
Twitter-ի իր միկրոբլոգում Արեասան գրել է, որ իրենք թույլ չեն տա ապակայունացնել իրավիճակը:
Հեռուստաեթերում Արեասան հայտնել է, որ իշխանությունները որոշել են մի քանի րոպեով անջատել համացանցը: Կիբերհարձակման հետևանքով տուժել է ոչ միայն Մադուրոյի միկրոբլոգը, այլև մի շարք կայքեր, որոնք կապված են Վենեսուելայի կառավարության հետ: Փոխնախագահը հստակեցրել է, որ ներկայում համացանցն աշխատում է առանց սահմանափակումների: