Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը Ուկրաինա կատարած ուղևորության արդյունքներով եզրակացրել է, որ երկրի արևելքի մոտ 4 մլն բնակիչներ օգնության կարիք ունեն: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրությանը:
Դյուժարիկը հայտնել է, որ Օ’Բրայենն «Ուկրաինա է ժամանել, որպեսզի անձամբ տեսնի արևելքում հակամարտության հետևանքները խաղաղ բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները»: «Մոտ 4 մլն մարդ Ուկրաինայում պաշտպանության և աջակցության կարիք ունի»,- ասել է նա:
Դյուժարիկը հիշեցրել է, որ Օ’Բրայենը երկրի արևելյան հատված իր այցի ժամանակ բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև Լուգանսկի և Դոնեցկի ներկայացուցիչների հետ:
Օ’Բրայենը Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններ է այցելել նոյեմբերի 2-4-ը:







































