Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու Իսպանիայում գործող կառավարման ձևի՝ խորհրդարանական միապետության դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով El Diario պորտալին:
Ցուցարարները ցանկանում են, որ երկրում հաստատվի կառավարման հանրապետական համակարգ: Նրանց կարծիքով՝ երկրի տնտեսական խնդիրները պահանջում են քաղաքական համակարգում կատարել շատ լուրջ փոփոխություններ, քանի որ գործող կառավարությունն ու թագավոր Խուան Կառլոսը չեն կարողանում կարգավորել դրանք:
Ինչպես նշում է իսպանական պորտալը, ակցիային մասնակցել է մի քանի անգամ ավելի շատ մարդ, քան սովորաբար մասնակցում են նմանատիպ միջոցառումներին:
Հիշեցնենք, որ ապրիլին իսպանական թագավորական ընտանիքը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Թագավորի դուստրը դատարան է կանչվել պետական միջոցների գողության գործով: Նախկինում Քրիստինան եղել է Noos ինստիտուտի տնօրենների խորհրդում, որի անդամ էր նրա ամուսին Ինյակի Ուրդանգարին: Վերջինիս կասկածում են 5.8 մլն դոլարի յուրացման մեջ: Այդ պատճառով թագավորական տունը որոշել է պատմության մեջ առաջին անգամ հրապարակել իր ծախսերի մասին հռչակագիր: