Վրաստանի և Ադրբեջանի նախագահները երկկողմանի հարաբերությունների խորացման մասին հռչակագիր են ստորագրել: Հռչակագիրը նախատեսում է հարաբերությունների խորացում քաղաքականության, անվտանգության, առևտրի և տնտեսության, տարանցման, մշակույթի , կրթության և գիտության ոլորտներում, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Հռչակագրում նշվում է, որ կողմերը կշարունակեն ռազմավարական երկխոսությունը տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, կուժգնացնեն ՄԱԿ-ում համագործակցությունը, մասնագիտացված մարմիններում ու կառույցներում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերում: Կխրախուսվեն փորձագետների և հետազոտական ինստիտուտների սերտ կապերը, կակտիվացվեն փոխադարձ փոխանակությունները, կակտվիացվեն հակամարտությունների խաղաղ կարգավորման և անվտանգության ու խաղաղության հարցերի շուրջ ջանքերը, կընդգծվեն Աբխազիայում, Ցխինվալիի շրջանում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների լուծման կարևորությունը, ինչպես նաև բռնի կերպով տեղահանված մարդկանց իրենց բնակավայր վերադարձնելը: Կխորացվեն հարաբերությունները տնտեսության ոլորտում, ներդրումների ներգրավման ունակությունը, էներգետիկ հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսություն կտարվի` բիզես շրջանակների մասնակցությամբ, կքննարկվի հարավային էներգետիկ միջանցքի զարգացումը, կշարունակվի Վրաստանի գազաֆիկացումը և այլն:









































