«Թեև միջազգային հանրության ուշադրությունը հիմնավորապես կենտրոնացել է Սիրիայում հակամարտության վրա, Եվրոպայի համար կարևոր է չմոռանալ իրեն ավելի մոտ անվտանգության հարցերի մասին: Ռուսաստանը դեռևս չի իրագործել Ուկրաինայի նկատմամբ Մինսկի համաձայնագիրը, որը նա ստորագրել է փետրվարին, և շարունակում է աջակցել անջատված Աբխազիայի, Հարավային Օսիայի հանրապետություններին: Նա նաև շարունակում է միջամտել Անդրկովկասի գործերին»,- գրում է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին The Wall Street Journal-ում տպագրված հոդվածում:
«Եվրոպական անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ն համարձակ որոշումներ ընդունի Վարշավայում հաջորդ տարվա հուլիսին գագաթնաժողովի ժամանակ: Մասնավորապես, ՆԱՏՕ-ն պետք է հաստատի Վրաստանի՝ դաշինքի անդամակցության պատրաստության ուղղությամբ գործողությունների ծրագիր կամ հայտարարի, որ այդպիսի ծրագիրն այլևս քայլ չէ դեպի հետագա անդամակցություն: Ռուսաստանին չի կարելի թույլ տալ վետոյի իրավունք ունենալ այն հարցերում, թե որ ժողովրդավարական երկրները կարող են ընդգրկվել Հյուսիսատլանտյան դաշինքում»,- ասվում է հոդվածում:
«Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ուղին անշրջելի է: Մեր քաղաքացիները այժմ ՆԱՏՕ-ից սպասում են հստակ ազդանշանի՝ առ այն, որ մեր ապագան կապված է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Վարշավայի գագաթնաժողովից հետո չպետք է միջանկյալ քայլեր մնան Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,- եզրափակում է Խիդաշելին:







































