Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից հետո Տուլա մեկնած ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել է հիվանդանոցներ` տեսակցելու տուժածներին: Նոյեմբերի 3-ի գիշերն արձանագրված ողբերգական դեպքից հետո 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանք բուժում են ստանում Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տուլա են մեկնել նոյեմբերի 3-ին:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ՀՀ առողջապահության նախարարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Հայաստանի մասնագետները ևս մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:








































