Նոյեմբերի 1-¬ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրվածների մեջ կան կյանքի 20 տարին խորհրդարանին նվիրած մանդատ ունեցող անձինք: Այս մասին հայտնում է modern.az-ը՝ նշելով, որ Ադրբեջանի խորհրդարանում վերընտրվել է Բաքվի Բինագադիի շրջանից 6 անգամ պատգամավոր ընտրված Մադար Մուսաևը, որը ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր է 1991 թվականից, երբ Ադրբեջանը դեռևս գտնվում էր ԽՍՀՄ կազմում:
Անկախացումից հետո Ադրբեջանում առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 1995 թվականի նոյեմբերի 12¬-ին: Այդ օրվանից սկսած մինչ այժմ Ադրբեջանի խորհրդարանում անընդմեջ պատգամավոր են ընտրվել Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովը, Իսա Հաբիբբեյլին, Էլդար Իբրահիմովը, Զիյադ Սամեդզադեն, երգչուհի Զեյնաբ Խանլարովան, Ֆազաիլ Աղամանլըն, Արիֆ Ռահիմզադեն, Խանհուսեին Քազիմլըն, Հադը Ռաջաբլին, Զիյաֆեթ Ասքերովը, Ֆաթթահ Հեյդարովը, Իմամվերդի Իսմայիլովը: Ադրբեջանում անցկացված ընտրություններին ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:
Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, իր հաղթանակի մասին: Կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70¬-ը:









































