ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային հերթական այցի առանցքը հրադադարի պահպանման նոր մեխանիզմների խնդիրն է, համենայնդեպս՝ հայտարարված մակարդակում: Միևնույն ժամանակ, որքան համանախագահները շատ են խոսում դրա կարևորության մասին, այդքան ավելի ակնառու է դառնում այն, որ առայժմ չկա որևէ կոնկրետ առաջարկ, որը դրված է սեղանին:
Կամ՝ եթե սեղանին կան առաջարկներ, դրանք հրապարակային չեն, և հասարակությունը տեղյակ չէ, թե ինչպես են, օրինակ, Մինսկի խմբի համանախագահները պատկերացնում հրադադարի պահպանման նոր մեխանիզմները: Նրանք դա պատկերացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ նոր փաստաթղթի ստորագրմա՞մբ միայն, երբ կողմերը ուղղակի կպայմանավորվեն այլևս չկրակել, թե՞ այդ փաստաթղթում պետք է լինեն կոնկրետ մեխանիզմների կապակցությամբ տրվող համաձայնություններ, ասենք, օրինակ, սահմանին տեխնիկական միջոցների կիրառում, կամ որևէ միջադեպի պարագայում տվյալ հատվածում հետաքննական միջազգային խմբի աշխատանքի իրականացում և այլն: Միևնույն ժամանակ, այդ նոր ստորագրություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստորագրություն լինելո՞ւ է, ինչպես 1994 թվականի մայիսին Բիշքեկում, թե՞ ոչ:
Այս հարցերը գաղտնի են, հրապարակումներ չկան, ամենայն հավանականությամբ վարվում են բանակցություններ, և գաղտնիությամբ փորձ է արվում չվնասել բանակցությունների արդյունավետությանը: Սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քսանամյա ընթացքը վկայում է, որ բանակցությունների գաղտնիությունը այնքան էլ երաշխավորված հաջողության միջոց չէ: Համենայնդեպս, բանակցային ողջ գործընթացում դժվար է մատնանշել մի առաջարկ, որը քննարկվել է գաղտնիության պայմաններում և ընդունվել, իսկ հետո կյանքի կոչվել: Համենայնդեպս, պարբերաբար գաղտնազերծվել են ինչ-որ գաղափարներ ու առաջարկներ՝ դրանով իսկ ցույց տալով, որ այլևս օրակարգից դուրս են, քանի որ այլևս նպատակահարմար չի եղել դրանց իրականացումը կամ հնարավոր չի եղել և այլն:
Այս ամենում առանցքային կամ ելակետային հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրադադարի պահպանման վերաբերյալ առաջարկներում համակարծիք են միմյանց հետ: Այսինքն՝ քննարկումն ու բանավեճը միայն Հայաստան-Ադրբեջա՞ն ֆորմատով է, թե՞ դրան ներգրավված են նաև համանախագահ երկրները: Մի բան ակնհայտ է, որ համանախագահ երկրները ներկայումս աշխարհաքաղաքական բավական թեժ դիմակայության փուլում են: Ավելորդ է խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության մասին, Ֆրանսիան ևս գտնվում է Արևմուտք-Ռուսաստան հակադրության մի կողմում և թեև իր կոշտ վերաբերմունքով մի փոքր ավելի զուսպ է, քան ԱՄՆ-ը, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ևս կա դիմակայություն:
Սակայն եթե, օրինակ, ուկրաինական ճգնաժամում կամ Սիրիայում այս դիմակայության կամ մրցակցության առարկան որոշակի է, համենայնդեպս՝ զգալիորեն, ապա ղարաբաղյան խնդրում նկատելի մասում տարաձայնություններ կարծեք թե չկան, և Մինսկի խմբի համանախագահ երկրները հրապարակային հայտարարությունների մակարդակում, ըստ էության, տարակարծիք չեն, հրապարակային հայտարարությունների մակարդակում նրանք հիմնականում խոսում են նույն բանի մասին, հայտարարում են միմյանց հետ աշխատելու, հավաքական, թիմային միջնորդության մասին: Այսինքն, ի տարբերություն ուկրաինական ճգնաժամի, սիրիական ճգնաժամի՝ այս դեպքում Մինսկի խմբի համանախագահ երկրները հրապարակային հայտարարություններում ու դիրքորոշումներում ոչ թե տարբեր կարծիքներ ու հակադիր կեցվածք են դրսևորում, այլ հանդես են գալիս առավելապես միասնական մոտեցումներով, միասնական դիրքորոշումներով:
Ասել է թե՝ ուժային այս կենտրոնների փոխհարաբերություններում ուկրաինական և սիրիական խնդիրների և ղարաբաղյան հակամարտության հանդեպ մոտեցումները հայելային հակապատկերներ են հրապարակային իրավիճակի տեսանկյունից: Իսկ ի՞նչ է կատարվում խորքում, այսինքն՝ այսբերգի անտեսանելի մասում: Սա հարց է, որի պատասխանը չկա: Իսկ քանի որ դրա պատասխանը չկա, շատ դժվար է ասել, թե իրականում ինչ կա բանակցության սեղանին, և որն է գործընթացի առանցքը ըստ էության: Այսբերգի անտեսանելի մասում համաձայնությո՞ւնն է շատ, թե՞ մրցակցությունը: Ինչքանո՞վ է ղարաբաղյան գործընթացն ուղիղ կապված կամ փոխազդված ուկրաինական կամ սիրիական հարցերում ուժի այդ կենտրոնների դիրքորոշումների հետ:
Կարո՞ղ է արդյոք ղարաբաղյան խնդիրը իր նշանակությամբ ստորադասվել ուկրաինական կամ սիրիական հակամարտություններին և ըստ այդմ դառնալ որոշակի փոխարկելի գործոն ուժի կենտրոնների միջև, թե՞ փաթեթի մաս է և ընդամենը հերթականության կամ հաջորդականության խնդիր է, ինչը նշանակում է, որ ուկրաինական և սիրիական հակամարտություններից հետո իրադարձությունների զարգացման կենտրոնը կտեղափոխվի Ղարաբաղ: Իսկ այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ տեղափոխումը էլ ավելի կլարի վիճակը՝ քանի որ կնշանակի նաև հակադրության ու մրցակցության կենտրոնի տեղափոխում, թե՞ այս անգամ տեղափոխումը տեղի կունենա արդեն նախորդ հակամարտություններում ձեռք բերվող որոշակի փոխհամաձայնությունների մթնոլորտում և դրա շնորհիվ հերթագայությունը կնպաստի ղարաբաղյան գոտում իրավիճակի հանդարտմանը:
Պատկերն ըմբռնելն իսկապես շատ բարդ է: Գուցե դրա վրա լույսը որոշակիորեն կավելանա այսօր՝ տարածաշրջանային այցի վերջին օրը Բաքվում տեղի ունենալիք հանդիպումների շնորհիվ, որից հետո համանախագահները կարող են անել որոշակի հայտարարություններ, որոնք կտան գոնե կռահումների կամ ենթադրությունների հնարավորություն:
Ընդհանուր առմամբ, որպես հասարակություն, որն իր ուսերին ունի այդօրինակ բարդ աշխարհաքաղաքական խնդիր, Հայաստանի հանրությունը պետք է գիտակցի մի բան՝ առերևույթ իրավիճակները ինքնին ստատուս քվո չեն: Դրանք կարող են պահպանվել, իսկ բուն ստատուս քվոն այն գինն է, որի շնորհիվ պահվում կամ փոխվում են առերևույթ իրավիճակները: Հետևաբար ինչ-որ առումով վտանգավոր արխայինություն կարող է լինել համոզումը, թե համանախագահները կգան ու կգնան, և ուժի կենտրոնները միմյանց հավասարակշռելով կշարունակեն պահել ներկայիս սահմանները: Դրանք կարող են պահպանվել, սակայն ներքին բոլորովին այլ տրամաբանությամբ:
Եվ այստեղ հայկական կամ ադրբեջանական հանրությունների շահեկան դիրքը կախված է նրանից, թե որպես հակամարտության սուբյեկտ, այդ հասարակությունները որքանով ավելի պատրաստված կլինեն ներքին տրամաբանության փոփոխության հավանական սցենարներին ու տարբերակներին, մշակելով դրանց արձագանքման սեփական տարբերակները:









































