Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող փաստաբանների խումբն իր առաքելությունն ավարտված է համարում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց այդ խմբի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը։
Նշենք, որ փաստաբանների խումբը ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենք դեմ են Սահմանադրության փոփոխությանը, և իրավաբանական տեսանկյունից հիմնավորումներ էին ներկայացրել։ Սակայն այսօր արդեն խումբը գոյություն չունի և խոսել գործնական քայլերի մասին՝ ավելորդ է։
Գյոզալյանը նշեց, որ իրենք ի սկզբանե նպատակ չեն ունեցել որևէ գործնական քայլեր կատարել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարում։ «Խմբում ընդգրկված փաստաբանները առանձին-առանձին միգուցե ինչ-որ քայլեր կատարեն։ Ես ինքս էլ պատրաստ եմ հարկ եղած դեպքում իմ օգնությունը ցուցաբերել, բայց չեմ պատրաստվում միանալ այս կամ այն ճակատին, քանի որ դա քաղաքական հարց է, իսկ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։
Գիտեք, խմբում ընդգրկված փաստաբանների թվում կային տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցականներ, և իրենց համախմբելը անհնար կլիներ»,- պարզաբանեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։









































