ԱՄՆ նախագահի աշխատակազմը քննարկում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և նրա կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Սրա նպատակն է դադարեցնել արյունահեղությունը, որ կատարվում է մերձավորարևելյան այդ երկրում վերջին շաբաթների ընթացքում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Երեկ ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն առաջին անգամ նշել է պատժամիջոցների հնարավորության մասին: Պատժամիջոցների մեջ կարող են լինել ինչպես հաշվեհամարների սառեցումը, այնպես էլ ԱՄՆ տարածքում առևտրային գործունեության իրականացման արգելումը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ պետաքրտուղարությունը որոշում է կայացրել Սիրիայից տարհանել ԱՄՆ դեսպանության աշխատակիցների ընտանիքներին և տեխնիկական անձնակազմին, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել անհապաղ լքել Սիրիայի տարածքը, քանի որ այնտեղ մնալն այլևս անվտանգ չէ:
Չորս եվրապական երկրներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ անելով դատապարտել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ կիրառվող բռնությունները: Հայտարարության տեքստը տարածել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ում: Այս երկրների առաջարկությունը քննարկվելու է Անվտանգության խորհրդում ապրիլի 26-ի կեսօրին: Հայտարարության նախագծում կոչ է արվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ստեղծել անկախ հանձնաժողով, որը կհետաքննի Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, որի ընթացքում սպանվածների թիվը կարող է գերազանցել 350-ը:









































