Ղրղզստանն ու ԱՄՆ-ն համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի երկկողմանի համագործակցության ծրագրի մշակմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է TASS-ը:
Նրա խոսքերով` աշխատանքային խմբի կազմում կներառվեն Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցները և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աշխատակիցները:
«Որոշ բաներ պետք է անել տնտեսության ոլորտում: Դա կպահանջի որոշ օրենքների ադապտացիա, հենց այդ հարցերի լուծմամբ էլ կզբաղվի աշխատանքային խումբը»,- ասել է Քերին:
Դրա պարտականությունների մեջ կմտնի նաև «ճանապարհային քարտեզի» մշակումը, փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Քերիի կարծիքով` Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների քաղաքականությունը չպետք է ընտրության առաջ կանգնի` ում հետ համագործակցել, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի կամ «այլ բլոկների»: «Մենք կաշխատենք աշխատանքային խմբի շրջանակներում աջակցելու և զարգացնելու համար տնտեսական փոխհարաբերություններն, ու համաձայնագիր կնքել պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ»,- ընդգծել է պետքարտուղարը:









































