Սոցիալական ծայրահեղ ծանր վիճակ, նվազագույն կենցաղային պայմանների բացակայություն և վերջապես փողոցում հայտնվելու վտանգ… սրանք միայն մի մասն են այն խնդիրների, որոնց առաջ կանգնած է Գասպարյանների բազմազավակ ընտանիքը: Ընտանիքի հայրը մեկ տարի առաջ անհայտ պատճառներով ինքնասպան է եղել՝ թողնելով չորս անչափահաս երեխաներին 37-ամյա Ալվարդ Գասպարյանի հույսին:
«Առաջվա տունս Հնոցավան թաղամասում էր՝ 1-ին շարք 39 տուն հասցեում: Դե, տուն ըսելը մե քիչըմ ճոխ է: Կիսափուլ շինություն էր մեկսենյականոց, էնքան որ տանիք ունեինք, կապրեինք, էլի: Էնպես էղավ, որ գնացինք գյուղերը հող մշակելու ու աշխատելու: Վատ չէր: Ետ եկանք: Էդ տունն արդեն փլվել էր: Ելանք վարձով ապրելու: 2014-ի սեպտեմբերի 10-ին ամուսինս ինքնասպան եղավ: Մնացինք ես ու չորս էրեխես: Էդ դեպքերից հետո վարձով տնից ելա ու եկա էս դոմիկը (փայտաշեն տնակ-կացարան-խմբ.) գտա, էլի վարձով կապրիմ: Բայց էս տնակի տերն էլ հիմա իրա տնակը կվաճառե ու ընձի և երեխեքիս կըսե՝ ելեք: Ինչ էնեմ՝ չիդեմ»:
Տիկին Ալվարդն իր խնդիրների մասին բարձրաձայնել է և մարզային, և քաղաքային իշխանություններին, սակայն կացարանի հատկացման որևէ լուրջ աջակցություն դեռ չի եղել:
«Դիմեցի քաղաքապետարան: Բալասանյանն ասաց, որ հիմա տնակներ չունի քաղաքապետարանը: Սննդով, գումարով կօգնե, բայց դե, դեմը ձմեռ է, առաջնահերթը ապրելու տեղի հարց լուծելն է»:
Օրվա ապրուստը միայնակ մայրը հոգում է թոշակ-նպաստով, նաև ինքն է գնում բերքի սեզոնին հարակից դաշտեր և օրավարձով աշխատում՝ այդպիսով փորձելով մի կերպ երեխաներին պահել:
Ընտանիքի իննամյա միակ դուստրն ունի առողջական խնդիրներ, երբեմն ունենում է գլխացավեր: Միջոցներ չունեն, որ բուժման կամ ստուգման տանեն, ու դեռ հայտնի էլ չի՝ լուրջ բա՞ն է, թե՞ թերսնումից կամ տնակային գաղջ օդից է: Սակայն սա չի խանգարում իննամյա աղջնակին մոր հետ կիսել տան հոգսը և տիկին Ալվարդի՝ աշխատանքի եղած ժամանակ տասներկուամյա եղբոր հետ խնամել փոքրերին:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչ երազանք ունեն, ընտանիքի ավագ երկու երեխաները պատասխանեցին՝ տուն:
Տիկին Ալվարդն անկեղծացավ, որ շատ պաշտոնյաներ առաջարկել են իրեն երեխաներին հանձնել գիշերօթիկ կամ մանկատուն, սակայն ինքը նույնիսկ լսել չի ուզում այդ մասին:
«Խելըռել են, ի՞նչ մանկատուն, ի՞նչ գիշերօթիկ, ես ըդպես բան չեմ էնե, էրեխեքը նախ՝ իմ փեշիս կպած ման գուկան… հետո էլ… Կխնդրեմ, ընձի մե դոմիկմ տան, տանիմ դնեմ իմ տանս քովը, ես իմ էրեխեքին ծվարեմ մեջը, հետո ժամանակին մե բարի մեկըմ կգտնվի, գոնե բանովըմ կօգնե կամ տունս կվերանորոգե… էլ չգան ամեն անգամ դուռս զարկեն, ըսեն՝ ելի, ելի»,- եզրափակում է կինը:












































