Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ շարունակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Հայցը ներկայացված է «Հրապարակ» օրաթերթում լրագրող Սուսաննա (Սյուզան) Սիմոնյանի կողմից հրապարակված, հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող, նրան զրպարտող տեղեկությունները, հայցվորի իրավունքը խախտող փաստերի անճշտությունները հերքելու, հայցվորի պատասխանը հրապարակելու, ինչպես նաև «hraparak.am» կայքում տեղադրված «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը կայքից հեռացնելու պահանջով:
Հայցվոր Ռուզաննա Խաչատրյանը դատական նիստին ներկա չէր, ներկա էր նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Մեջլումյանը:
Պատասխանող լրագրողի՝ Սուսաննա Սիմոնյանի ներկայացուցիչներն են փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը: Դատարան էր ներկայացել նաև մյուս պատասխանողը՝ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի տնօրեն, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Ներկայացված հայցը հիմնավորող բացատրություն տվեց հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը: Նա, հիմնվելով համանման գործերով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում հայտնված դիրքորոշումների վրա, նախ հիմնավորեց, որ խնդրո առարկա հոդվածը տեղեկություններ է պարունակում հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ, այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
Ըստ Կ. Մեժլումյանի՝ խնդրո առարկա հոդվածում ութ պարբերություններից յուրաքանչյուրում խոսք է գնում Ռուզաննա Խաչատրյանի՝ նրա «անհամեստ պահվածքի, ժամանակից շուտ ակտիվանալու մասին»:
Կ. Մեժլումյանը նշեց խնդրո առարկա հոդվածում հիշատակված հանցագործության դեպքի մասին, ըստ որի՝ Ռ. Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերմի մեքենան, վթարի է ենթարկել այն, մեքենատերը մահացել է:
Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Ռ. Խաչատրյանը հերքել է այս տեղեկությունը: Բացի այդ, տվյալ վթարի գործով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով պատժվել է վթարի համար մեղավոր անձը:
Խնդրո առարկա հոդվածում լրագրողը նշել է, թե «որոշ լրատվամիջոցներ» շոշափել են Ռ. Խաչատրյանին վերաբերող այդ թեման: Ըստ Կ. Մեժլումյանի՝ «որոշ լրատվամիջոցներ» ասվածը չի կարող լեգիտիմ աղբյուր համարվել, իսկ իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվն արատավորող տեղեկություններ հրապարակողը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Խնդրո առարկա հոդվածի հեղինակը նշել է, թե պաշտպանության նախարարի կինը հանրային անձ է, պետք է ավելի մեծ հանդուրժողականություն դրսևորի իր և ամուսնու վերաբերյալ հրապարակվող նյութերի նկատմամբ:
Կ. Մեժլումյանը նշեց, թե հանրային անձի վերաբերյալ տեղեկություններ հրապարակողը պետք է հիմնավորի՝ արդյոք տեղեկությունները բխո՞ւմ են հանրության գերակա շահից, հանրությունը դրանց սպասո՞ւմ է, դրանց հետևո՞ւմ է: Արդյո՞ք հեղինակը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ հիմնավորելու համար, որ նշված տեղեկությունների հրապարակումը հանրության գերակա շահով է պայմանավորված:
Ըստ Կ. Մեժլումյանի՝ պատասխանողները չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, ավելին, նրանք հրապարակման մեջ մեջբերել են Ռ. Խաչատրյանի՝ այդ տեղեկությունները հերքող գրառումը:
Ըստ հայցվորի ներկայացուցչի՝ թեև եվրոպական դատարանը սահմանել է, որ հանրային անձինք պետք է ավելի մեծ հանդուրժողականություն դրսևորեն իրենց վերաբերող հրապարակումների նկատմամբ, բայց նաև չի նշել, թե նրանք զրկված են իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու իրավունքից: Այդ անձանց մասին էլ պետք է բարեխիղճ ու վստահելի տեղեկատվություն հրապարակվի, հրապարակումների մեջ պետք է պահպանվի լրագրողական էթիկան:
Կ. Մեժլումյանն ընդգծեց, որ Ռ. Խաչատրյանը պատասխանողներից նյութական պահանջ չունի:
Կ. Մեժլումյանը թվարկեց նաև, որ Ռուզաննա Խաչատրյանը գիտությունների դոկտոր է, ավելի քան քսան գիտական հոդվածների հեղինակ, երկու երեխաների մայր, պաշտպանության նախարարի տիկին: Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումով արատավորվել են նրա պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
Կ. Մեժլումյանը նշեց, որ Ռ. Խաչատրյանի ներկայացրած հայցը հիմնավոր է, այն ենթակա է բավարարման:
Առանձին Կ. Մեժլումյանն անդրադարձավ նաև խնդրո առարկա հոդվածը համացանցային կայքից հեռացնելու պահանջին: Նա նշեց, որ եթե անգամ հրապարակված տեղեկությունները զրպարտության չափանիշի մեջ չեն մտնում, բայց իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք հրապարակողը պարտավոր է դրանք հերքել ու պատասխան հրապարակել:
Ռ. Խաչատրյանի իրավունքների պաշտպանության եղանակներից է մինչև զրպարտող տեղեկությունների հրապարակումը եղած իրադրության վերականգնումը: Ահա թե ինչու անհրաժեշտ է խնդրո առարկա հոդվածը հեռացնել կայքից: Դա, ըստ Կ. Մեժլումյանի, պատիժ չէ, դրանով պետք է վերականգնվի մինչև հրապարակումը եղած իրավիճակը:
Կ. Մեժլումյանն ասաց, թե Ռ. Խաչատրյանը չի ցանկանում զրպարտությունների թիրախ լինել: Նրա մասին բացասական երանգներով շատ հոդվածներ են հրապարակվում, նա դրանցից վատ է զգում, բայց դատարան չի դիմում: Դատարան է դիմել, երբ հրապարակված հոդվածի մեջ զրպարտություն է տեսել: Ըստ Կ. Մեժլումյանի՝ հայցվոր կողմը հենց հանդուրժողականություն է դրսևորել ու նրա խնդրանքը միայն այն է, որ հերքվի զրպարտող հոդվածը և այն հեռացվի կայքից:
Պատասխանող՝ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նույնպես բացատրություն տվեց ու պնդեց, որ հայցն ամբողջությամբ չի ընդունում, մերժում է այն:
Ըստ Ա. Օհանյանի՝ որոշ ընթերցողներ գրավոր տեքստը ճիշտ չեն ընկալում, բայց տարօրինակ է, որ այն չի ընկալվել նաև գիտությունների դոկտորի կողմից:
Խնդրո առարկա հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի մասին չէ՝ ահա ամենագլխավորը: Դա, ըստ Արմինե Օհանյանի, վերլուծական, հրապարակախոսական հոդված է, որտեղ Ռուզաննա Խաչատրյանին որպես օրինակ է անդրադարձ եղել: Հոդվածը լրագրողի դիտարկումն է՝ հայտնի մարդկանց հրապարակային կյանքի հետ կապված: Լրագրողը կոնկրետ օրինակների հիման վրա իր դիտարկումներն է ներկայացրել: Նմանատիպ վերլուծական հոդվածում կարևոր չէ սկզբնաղբյուրին հղում կատարելը:
Ըստ Ա. Օհանյանի՝ շատ լրատվամիջոցներ են օգտվել այն նույն կայքից, որից օգտվել են նաև իրենք, բայց ինքը, որպես լրագրող և խմբագիր, հոդվածից հանել է այդ կայքին արված հղումը՝ հենց հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի շահերից ելնելով՝ որպեսզի սկզբնաղբյուր կայքում տեղադրված շատ բացասական, վատ հոդվածը այդ հղումով ևս չտարածվի:
«Մեր նպատակը չի եղել վթարի մասին տեղեկություններ տարածելը»,- ասաց Արմինե Օհանյանը: Նույն հոդվածում հիշատակված է նաև Անգելա Մերկելի մերկ լուսանկարների մասին, նույնն է, թե Անգելա Մերկելը դատի տա «Հրապարակ» օրաթերթին:
Ա. Օհանյանը նշեց, որ իրենց համար սկզբնաղբյուր են եղել ինչպես «hjam.am»-ի հոդվածները, այնպես էլ հենց Ռ. Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումները: Եթե սկզբնաղբյուր չունենային, կարող էին իրենց մեղադրել: Իսկ խնդրո առարկա հոդվածում չկան տեղեկություններ, այնտեղ կան պնդումներ, դա միայն հրապարակախոսություն է:
Նախագահող դատավորը պատասխանողին հարցրեց, որ եթե հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի մասին չէ, ի՞նչն է խանգարում գործը հաշտությամբ ավարտելուն, մի հերքում հրապարակելուն, թե խնդրո առարկա հոդվածը Ռուզաննա Խաչատրյանին չի վերաբերում:
Արմինե Օհանյանը պատասխանեց, թե «հերքում» ասվածը վերաբերում է սխալ տեղեկություններին: «Մենք վիճարկվող պարբերության մեջ հայցվորին զրպարտող տեղեկություններ չեն հրապարակել»:
Արմինե Օհանյանը նշեց, որ կարող էր խոսք լինել պատասխանի իրավունքի մասին: Սակայն խնդրո առարկա հոդվածի հրապարակումից հետո հայցվոր կողմը էլեկտրոնային փոստով պատասխան է ուղարկել «Հրապարակ» օրաթերթին, դա եղել է շաբաթ օրը, երբ օրաթերթը չէր աշխատում:
Երկուշաբթի օրը այդ պատասխանը գլխավոր խմբագիրը ստացել է ծրարով, այդ պատասխանը կարող էր հրապարակվել միայն երեքշաբթի օրը՝ թերթի առաջիկա համարում, սակայն պատասխանը ստանալուց ընդամենը մի քանի ժամ հետո «Առավոտ»-ում կարդացել է Կ. Մեժլումյանի խոսքը, թե իրենք արդեն «Հրապարակ» օրաթերթի դեմ դատական հայց են ներկայացրել: Ընդ որում՝ հենց պատասխանի մեջ իրենց մեկ շաբաթ ժամանակ էր տրված՝ պատասխանը հրապարակելու համար…
«Մենք հայցվորին չէինք զրկելու դատական կարգով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից»,- ասաց Ա. Օհանյանը՝ պարզաբանելով, թե ինչու չեն հրապարակել հայցվորի պատասխանը:
Նա նշեց, որ թերթում հրապարակվում են բանակում տիրող իրավիճակին վերաբերող հոդվածներ, մի՞թե թերթը քննադատելու իրավունք չունի: «Ավելի դաժան քննադատության են ենթարկվել երկրի նախագահը, վարչապետը, ինչո՞ւ պիտի պաշտպանության նախարարն ու նրա տիկինը արտոնյալ համարվեն… Մենք գովազդային գործակալություն չենք, չենք զբաղվում պաշտպանության նախարարին ու նրա տիկնոջը հաճելի նյութեր տպելով»:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տ. Եգորյանը ելույթ կունենա հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 9-ին:









































