Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատում հոկտեմբերի 28-ին լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Լսումները կազմակերպել են Սենատի անդամները՝ իրավապաշտպանների ու դիվանագետների օգնությամբ։ Միջոցառման մոդերատորի դերում հանդես է եկել ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Դևիդ Կրամերը։
Լսումներին մասնակցել է նաև Ադրբեջանում տևական ժամկետներով կալանավորված Լեյլա ու Արիֆ Յունուսների դուստր Դինարա Յունուսը, ով պատմել է իր ծնողների հետ կատարված դրամատիկ իրավիճակի մասին. «Իմ ծնողները կտտանքների են ենթարկվում անգամ բանտում։ Նրանց քանիցս վիրավորել ու նվաստացրել են։ Նրանց պատժում են իրավապաշտպան գործունեության համար։ Մայրիկին քանիցս ծեծել են բանտում։ Ես շատ եմ վախենում նրա հոգեբանական ու ֆիզիկական վիճակի համար։
Ես հույսեր չունեմ, ես մտավախություն ունեմ, որ այլևս երբեք ողջ վիճակում չեմ տեսնի նրանց։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Ո՞վ է անհիմն ձևով բանտ նստեցրել նրանց։ Դիմում եմ միջազգային հանրությանը, որ նա Ադրբեջանի կառավարությանը կոչ անի անհապաղ ազատ արձակել նրանց։ Իմ ծնողներն արժանի են ավելի լավ կյանքի, քանի որ իրենք փրկել են բազմաթիվ այլ մարդկանց կյանքեր»։









































