Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, ապրիլի 26-27-ը Բաքվում կայանալու է Կասպիցի իրավական կարգավիճակի որոշման գծով հատուկ աշխատանքային խմբի 28-րդ նստաշրջանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը: Այդ նիստում Ադրբեջանը ներկայացնելու է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
Հիշեցնենք, որ Կասպիցը ծով չէ, այն գտնվում է Համաշխարհային օվկիանոսից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Բացի այդ, Կասպիցի մակարդակը միջինը 28 մետրով ցածր է համաշխարհային օվկիանոսից:
Սակայն եթե Կասպիցը ստանա ծովի կարգավիճակ, ապա նրա վրա պետք է տարածվեն 1982 թվականի ծովային կոնվենցիայի դրույթները. կասպյան յուրաքանչյուր երկիր սուվերեն իրավունքներ ձեռք կբերի 12 մղոնանոց տարածքային ջրերի (մայրցամաքային շելֆ) և 200 մղոնանոց բացառապես տնտեսական գոտու(ԲՏԳ) վրա:
Քանի որ Կասպիցի առավելագույն լայնությունը չի գերազանցում 200 ծովային մղոնը, ԲՏԳ-ի արտաքին սահմանները պետք է որոշվեն միջին գծի սկզբունքի հիման վրա: Այսինքն՝ Կասպիցի բաժանումն անհրաժեշտ է իրականացնել հյուսիսից հարավ:
Միջին գծի սկզբունքի հաստատման դեպքում Ռուսաստանին բաժին
է ընկնում Կասպիցի տարածքի 18.7%-ը, Ղազախստանին` 29.6%-ը, Ադրբեջանին` 19.5%-ը, Թուրքմենստանին` 18.4%-ը, Իրանին` 13.8%-ը:
Ռուսաստանը դեմ է Կասպիցին ծովի կարգավիճակ տալուն, քանի որ այդ դեպքում Վոլգա-Դոն և Վոլգա-Բալթիկ ջրանցքները, որոնք համարվում են ներքին ռուսական ջրավազաններ, պետք է դառնան միջազգային ջրեր, իսկ դա լրջորեն հակասում է Ռուսաստանի շահերին ու անվտանգության խնդիրներին:
Հետաքրքրական է, որ դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունն ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառ.կմ, Թուրքմենստանին` 80.000 քառ.կմ, Ռուսաստանին` 60.000 քառ.կմ, Ղազախստանին` 105.000 քառ.կմ և Իրանին` 55.000 քառ.կմ:
Այդ ժամանակ պաշտոնական Թեհրանը Կասպիցի այդպիսի բաժանման հարցում որևէ դժգոհություն չէր արտահայտել, մինչդեռ այժմ պահանջում է Կասպիցի 20 տոկոսը (մերձկասպյան 5 երկրներին` 20-ական տոկոս):









































