Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սբ. Սարգիս Եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ` Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ապրիլի 25-ին սգո արարողություն տեղի ունեցավ Դամասկոսի հայոց գերեզմանատանը` ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:
Հուշահամալիրում Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին:
Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
Նույն օրը Սիրիայում Հայաստանի դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:









































