«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է, և նույնիսկ միավորվելու դեպքում հնարավոր չի լինի լուրջ մրցակցություն ստեղծել իշխող Հանրապետական կուսակցության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ա. Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում լուրջ փոփոխություններ անելու պատճառ չունի. «Չեմ կարծում, թե լուրջ փոփոխություններ կլինեն, հնարավոր է միայն մի քանի առանձին նախարարներ փոխվեն»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը հենց Րաֆֆի Հովհաննիսյանի համար չի հավաքվում, նրանցից շատերը եթե նույնիսկ ընտրել են իրեն, ապա ուղղակի դեմ են եղել իշխանությանը. «Մարդիկ պատրաստ էին ընտրել ցանկացած մեկի, միայն ոչ՝ Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ կոորդինացնել այդ ձայները՝ 37 տոկոսը քիչ թիվ չէր»:
Հարցին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածն ինչպե՞ս կանդրադառնա շարժման վրա, հնարավո՞ր է հիասթափություն առաջանա, Ա. Իսկանդարյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ոչինչ չի էլ սկսվել, որ ավարտվի, այնպես որ՝ եթե նույնիսկ ոստիկանները պատը բացեին, և հավաքվածները հասնեին Բաղրամյան 26, ապա ոչինչ էլ չէր լինի: Մինչև Երևանի ավագանու ընտրությունները մի քանի հանրահավաքներ կլինեն, իսկ լուրջ ոչինչ էլ չի լինի:
Հայաստանում ընդդիմությունը շատ թույլ է, բայց այնպես չէ, որ դա լավ է մեր երկրի համար, չգիտեմ՝ այս պահին կամ հետագայում ո՞վ կարող է, ինչպե՞ս կարող է, բայց Հայաստանին անհրաժեշտ է հզոր ընդդիմություն: Միգուցե դա լինի ԲՀԿ-ն, միգուցե՝ ՀԱԿ-ը, միգուցե՝ բոլորովին նոր կուսակցություն, բայց այն համատարած դժգոհությունը, որ ժողովուրդն ունի այս իշխանության հանդեպ, պետք է բավարարել: Պետք է լինի այնպիսի ուժ, որը կկարողանա ղեկավարել, իսկ այսօր դա ոչ ոք էլ չի անում:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոսը համարյա թե համընկնում է աղքատության ցուցանիշի հետ, նշանակում է՝ երկրում առկա է խնդիր, և այն չի լուծում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: «Ժառանգությունն» էլ, բնականաբար, այն ուժը չէ, որ կարող է դա անել, իսկ հակաիշխանական ընտրազանգվածը պահանջում է ընդդիմություն»:
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն ավարտվելու է այնպես, ինչպես նախորդ բոլոր տարիներին. «Թե՛ Վազգեն Մանուկյանն էր կարծում, որ հաղթել է, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Կարեն ու Ստեփան Դեմիրճյանները, բայց ամեն ինչ ավարտվեց միօրինակ: Այդպես էլ հիմա է, բայց ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի 21 տոկոսը հենց իր ձայներն էին, կարող էին, չէ՞, մարդիկ ընտրել, ասենք, Արթուր Բաղդասարյանին»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































