Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է միասնական կարծիք Հայաստանում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում է Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունը, հանձնաժողովի հրապարակած զեկույցի ամփոփման մեջ նշվում է, որ նախագիծը նշանակալի առաջընթաց է ապահովել` ներկայում գործող օրենքի համեմատ:
Ամենակարևոր առաջարկություններն են` օրենքում ապահովել ատեստացիայի թափանցիկ գործընթաց` ներառելով խորհրդարանական հանձնաժողով և անկախ փորձագետներ, ովքեր Ազգային ժողովին պետք է առաջարկեն մի քանի համապատասխան թեկնածուներ Պաշտպանի պաշտոնի համար: Մարդու իրավունքների խախտման բողոքները կարող են հասնել Պաշտպանին, եթե անգամ դրանք սկզբունքորեն դատարանների իրավասության շրջանակներում են: Այնուամենայնիվ, Պաշտանը չպետք է որոշի վեճերը, որոնք դատարանների կողմից արդեն լուծվել կամ լուծման փուլում են: Օրենքում փորձ է արվել հստակեցնել հայեցողական մանդատներն ու երկու խորհուրդների` Կանխարգելիչ և Փորձագիտական, գործառույթները և սահմանել դրանց անդամների ստատուսը: Անհրաժեշտ է երաշխավորել համապատասխան ֆինանսավորման մակարդակ Պաշտպանի լիազորությունների իրականացման համար, մասնավորապես, Պաշտպանի ու նրա աշխատակիցների համար աշխատավարձի որոշակի մակարդակ սահմանել:
Վենետիկի հանձնաժողովն ու Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունն առաջարկել էին հետագա բարեփոխումներ ընթացիկ օրենքում և օրինագծում: