Առաջիկա 5 տարիների ընթացքում նավթի ցածր գնի պատճառով Սաուդյան Արաբիան կբախվի բյուջեի դեֆիցիտի արագ աճի: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետազոտությանը:
2015թ. ածխաջրածինների գների անկման հետևանքով Մերձավոր Արևելքի երկրները 360 մլրդ դոլար են կորցրել՝ նշում են ԱՄՀ-ում: Նոր պայմաններում այդ տարածաշրջանի պետությունները ստիպված են կրճատել ծախսերը և օգտագործել պահուստները:
Աշխարհի խոշորագույն նավթ արտադրող Սաուդյան Արաբիան կարող է հավասարակշռված բյուջե ունենալ 1 բարելի դիմաց 106 դոլար արժեքի դեպքում: Հիմնադրամի վերլուծաբանները կարծում են, որ նավթի 50 դոլար արժեքի դեպքում թագավորության գանձարանը կարող է դիմանալ ընդամենը 5 տարի:
Երկրի իշխանությունները հասկանում են, որ բախվել են լուրջ մարտահրավերի, ուստի փորձում են անվտանգության ֆինանսական բարձիկ ձևավորել: Նախ՝ Սաուդյան Արաբիան 4 մլրդ դոլարի պարտատոմսեր է վաճառել: Երկրորդ՝ ներդրումային ընկերություններից 70 մլրդ դոլար է ներգրավել: Բացի դրանից՝ թագավորության պահուստները կազմում են 700 մլրդ դոլար: Այդուհանդերձ, 2015թ. բյուջեի դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 20%-ին՝ հաշվել են ԱՄՀ-ում, իսկ պահուստային ֆոնդն արագ կսպառվի:
Տարբեր գնահատականներով՝ Սաուդյան Արաբիայի գանձարանի եկամտի 90-95%-ը ապահովում է էներգակիրների արտահանումը:
Միջազգային կազմակերպության կանխատեսումն արդիական է նաև Օմանի և Բահրեյնի դեպքում: Միաժամանակ, Քուվեյթը, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան հաղթահարել էժան նավթի ժամանակահատվածը: Բյուջեն հավասարակշռելու համար Քուվեյթին պետք է նավթի 49 դոլար գին, Կատարին՝ 55 դոլար, ԱՄԷ-ին՝ 73 դոլար:









































