«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
-Երեկ տեղի ունեցավ միաժամանակ երկու երդմնակալության արարողություն, որին հաջորդեցին Բաղրամյան փողոցի դեպքերը: Այս ամենից, ըստ Ձեզ, ո՞վ շահեց, ո՞ւմ էր ձեռնտու բախումը:
– Ամենամեծ շահումը ստացել է Հայաստանի հասարակությունը, որը վերջապես ըմբռնեց մի բան, որ ոչ մի պաշտոնական արարողություն, ոչ մի պաշտոնական պարտադրանք և նույնիսկ ոչ մի բռնություն ի զորու չէ կանխել հասարակական ինքնակազմակերպումը, որովհետև մենք այդ շարժման ընթացքում տեսանք և՛ Facebook սոցիալական ցանցում, և՛ տարբեր լրատվամիջոցներում, թե ինչպես էին միասին ելույթ ունենում «ՀԱԿ»-ի, «Ժառանգության» ակտիվիստները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, առաջադեմ մտածողները։ Մարդիկ այլևս չէին մասնակցում յուրայինների և օտարների արհեստական բաժանմանը, նրանք բոլորը մասնակցում էին պետական ծրագրի պաշտպանությանը, որովհետև բնազդաբար և գիտակցաբար բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի պետության խնդիրը շատ սուր է դրված թե՛ միջազգային թատերաբեմում, թե՛ ներսում: Կարևորն այն է, որ թեև մեր հասարակությանը փորձում էին ներշնչել, որ այն ոչ ռացիոնալ է, խաբվող է, բայց այդպես չէ, և մեր հասարակությունը պասիվ չի լինելու:
Ինչ վերաբերում է երկու երդմնակալության արարողություններին, եթե չեմ սխալվում, Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողություն այդպես տեղի չի ունեցել, բայց ինձ թվում է՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին պարզ դարձավ, որ եթե մինչև այժմ ընդդիմությունը և իշխանությունը կառավարում էին հասարակությանը՝ ամեն մեկը մի ձևով, ապա այս պահից սկսած, այս շրջադարձային փուլից սկսած՝ նրանք երկուսն էլ պետք է հաշվետու լինեն, և այդ հաշվետվության գործընթացը Հայաստանում արդեն սկսված է:
– Ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունների վրա:
– Առաջիկա ավագանու ընտրություններին կլինի ավելի անկողմնակալ, ավելի հստակ մոտեցում, ուղղակի այս պարագայում քաղաքացիական ընդդիմությունը՝ ռեալ, հանրային, նաև ազատական ընդդիմությունը պետք է աշխատի, որպեսզի բացահայտվեն տարբեր ընդդիմադիր շարժումների առասպելները, այսինքն՝ հերթական անգամ գրպանային ընդդիմությունը չփորձի նվաճել դիրքեր, որովհետև քաղաքը քաղաքացունն է, պետությունն էլ մարդունն է, և այդ գործընթացն այլևս անկասելի է:
– Ազատության հրապարակն ո՞ւմ է բաժին հասնելու: Քաղաքական և քաղաքացիական դաշտերում ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն, և առհասարակ, ընդդիմությունն ի՞նչ օրակարգով է հանդես գալու:
– Առաջին անգամ Ազատության հրապարակ անունը սկսում է մոտենալ նոմինալ իմաստին, այսինքն՝ կոնտեքստը սկսում է համընկնել տերմինին: Երբ Ազատության հրապարակը հռչակվեց իբրև Ազատության հրապարակ, կոնտեքստում՝ Ղարաբաղի, ինչպես նաև Խորհրդային Միությունից քաղաքացու ազատությունն էր, բայց երբևէ ոչ մի անգամ ազատությունը չէր ընկալվել իբրև մարդու անհատական ներքին ազատություն: Հիմա առաջին անգամ Ազատության հրապարակի կոնտեքստը հնչում է մարդու ներքին ազատության մակարդակով: Եվ սա շատ առումով կարող է չգոհացնել թե՛ իշխանությանը, թե՛ շատ ընդդիմադիր ուժերի, քանի որ ազատ մտածողությունը (իսկ ազատությունը նախևառաջ ազատ մտածողությունն է, որին հաջորդում են ազատ կամքը և ազատ գործողությունը) ձեռնտու չէ այն բոլոր մարդկանց, որոնք սովորել են ղեկավարել, քանի որ այդ միավորումները ունեն իրենց խիստ որոշակի լծակները, մեկի լծակը ատելությունն է իշխանավորների նկատմամբ, մյուսի լծակը տնտեսական առավելություններն ու շահերն են, իսկ երբ արդեն ազատ մտածողությունն է սկսում ձևավորվել, սկսում է թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր դաշտում ձևավորվել ազատ քաղաքացու կերպար, որը կարող է ունենալ տարբեր կուսակցական պատկանելություն կամ ընդհանրապես կուսակցական պատկանելություն չունենալ, կարող է ունենալ ակադեմիական կրթվածության տարբեր մակարդակ, որն ունենում է երեք ընդհանուր բնութագրիչ. առաջին՝ այդ մարդը շատ ավելի տեղեկացված է, քան իր տասը տարի առաջվա կերպարը, երկրորդ՝ այդ մարդը շատ քննադատ է, և նա այլևս ոչ վճարովի, ոչ մանիպուլյատիվ ընդդիմության և ոչ էլ իշխանական ստեղծված լեգենդների ունկնդիր չէ, այդ մարդու համար այլևս միֆերի ստեղծումն ավարտվել է: Մինչդեռ հայկական ամբողջացած և չեղած պետականությունը համառորեն կառուցել է միֆեր, և մենք հենց միֆերի զոհերն ենք՝ թուրքական վտանգը՝ որպես ընդհանուր ամբողջություն, վերջացրած եկեղեցու դոմինանտով, էլ չեմ ասում, որ հայ քաղաքացու դերակատարումը անխոնջ հնազանդությունն է եղել: Եվ ձևավորված այս նոր դերակատարումը եթե անգամ փորձ արվի շրջել, այդ «մեքենան» անշրջելի է, քանի որ բացարձակ նոր երիտասարդություն է ձևավորվել, որը չի հանդուրժի այն ստանդարտները, նա չի ապրել նախորդ վախերի բեռան ներքո, նա իր սեփական հույսերի ճանապարհով է գնում, և այդ սեփական հույսերի մեջ հին կարծրատիպերը ոչ մի շանս չկա տեղավորելու: Դրա համար կարող եմ ասել, որ բոլորի՝ թե՛ իշխանական կարծրատիպերի, թե՛ ընդդիմության կարծրատիպերի հաղթական ավարտն է գալիս:
– Բայց արդյո՞ք այս ամենն, ի վերջո, կհանգեցնեն փոփոխության, քանի որ 2008-ին էլ ունեինք փոփոխված քաղաքացի, որը հետո հիասթափություն ապրեց:
– Ես վստահ եմ, որ 2008-ից հետո քաղաքացին չէր փոխվել, քաղաքացին դառնացել էր, զայրացել էր, ընդվզել էր, բայց չէր փոխվել: Ի վերջո, այդ ընդվզման ալիքն ուղղած էր նրան, թե ով, ում ինչ պետք է տար, այդ պոկվող պատառի և կերակրատաշտի խնդիրը շատ ներքին և վտանգավոր կերպով թևածում էր քաղաքացու գիտակցության մեջ: Խնդիրն այն էր, որ մի անհատը փոխարինելու էր մյուսին, և դա չի կարելի դիտարկել իբրև քաղաքացու արմատական փոփոխություն: Ընդվզումը փոփոխության ցուցանիշ չէ, որովհետև ռեալ և խոշոր փոփոխությունները տեղի են ունենում շատ խաղաղ, փոփոխությունը շռնդալից և աղմկոտ չի լինում, լինում է հանդարտ:
– Այս իրավիճակում իշխանության դերակատարումը ո՞րն է լինելու:
– Իշխանությունը երկար ժամանակ ապրել է՝ արհամարհելով «վերնաշենքի» բոլոր կանոնները, իսկ յուրաքանչյուր նորմալ իշխանություն ուզում է հենվել հասարակության վրա և կեղծ թե սուտ անում է ամեն բան, որ հասարակությանն իր կողմը գրավի և անընդհատ փորձում է նվաճել հասարակության ուշադրությունն ու համակրանքը: Մեր իշխանությունները տարիներ շարունակ ոչ միայն չեն փորձել նվաճել ժողովրդի համակրանքն ու աջակցությունը, այլ ավելին՝ խաղացել են հակառակ խաղաքարտի վրա, արել են ամեն հնարավորը հասարակությանը զայրացնելու և արհամարհելու համար: Հիմա շրջադարձային փոփոխություն եղավ՝ քաղաքացու փոփոխություն, որը պայմանավորված է նրանով, որ հասարակական աջակցության բացակայությունը սկսվեց արտահայտվել 4-5 ձևով, որը հասարակական հեղափոխական ընդվզում չէր. սկսվեց արտագաղթ: Մեր տնտեսությունը կեղծ տնտեսություն է, բայց եթե այն կախված չէ արտադրողից, սպառողից այն հաստատ կախված է, իսկ սպառողները հեռանում են: Իշխանությունը հասկանում է՝ հասել է ծայրագույն կետին, երբ արդեն սպառող չունի, արդեն մտածում է՝ ինչպես հետ բերել ոչ թե արդեն հարգանքը, առայժմ մարդու ֆիզիկական մարմինը հետ բերելու խնդիր կա, իսկ հոգևոր մասի նվաճումը տարիների ճանապարհ ունի, մանավանդ` այն երբեք որպես նպատակ չի դիտարկվել:
– Այսինքն՝ այս անգամ չի՞ լինի այն հիասթափության ալիքը, ինչ կար 2008-ին: Կոնկրետ պահանջնե՞ր կդրվեն իշխանության առաջ:
– Այո, պետության առաջնահերթությունները պետությունն ինքը պետք է ձևակերպի, մեր պետությունը իր առաջնահերթությունը ձևակերպել է՝ իշխանության մաքսիմալ հարստացում և իշխանության մոտ կանգնած մարդկանց կողմից միջոցների բացարձակ յուրացում, ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ սա է տարիներ շարունակ եղել հայկական իշխանական գերակայությունը, դրան ի պատասխան հասարակությունը երկար ժամանակ առաջ էր քաշում տարերայնորեն ձևակերպած այլ միտում, որ սա թալանչիների համակարգ է: Հիմա պետական խնդիրը սկսել է բարձրաձայնվել ներքևից, երբ մարդիկ ասում են, որ մենք չենք կարող ապրել մի տեղ, որտեղ պետությունն արդյունավետ չի աշխատում, երբ հանրային ռեսուրսի շահագործումը չունի արդյունավետության գործակից: Եթե ձեր ընտանիքի անդամներից մեկը ձեր տան գումարները սկսի պատուհանից դուրս շպրտել, ամենահարազատ մարդուն անգամ պատասխանատվության կկանչեք: Այդ մեխանիզմը աշխատում է, որովհետև պետական գերակայությունը պետության յուրաքանչյուր քաղաքացու հանրային ռեսուրսի թափանցիկ տնօրինումն է և դրա իրավունքի գիտակցումը: Եվ ասել, որ ժողովուրդը ինչ-որ հիասթափություն կունենա, իսկ ինչու պետք է հիասթափություն ունենա, ինքը ոգևորված էլ չէ: Հիասթափություն լինում է այնտեղ, որտեղ լինում է ոգևորություն: Այստեղ չկա ոգևորություն: Մարդիկ հետևողականորեն մի քիչ փնթփնթան, մի քիչ քննադատաբար, առանց ոգևորվելու, առանց ավելորդ հուզումների գնում են դնում են իրենց հարցադրումները, և այդ հարցադրումների մեջ կա ներքին թաքնված սպառնալիք, որ ծայրահեղ դեպքում բոլորը կգնան, և ինչ-որ մեկը կանջատի հանրապետության լույսերը: Ես չեմ կարծում, որ այդ ելքը ցանկալի է որևէ իշխանության համար:
– Ստեղծված իրավիճակը մեկ տարի հետո ո՞ւր կտանի:
– Այստեղ, իհարկե, շատ բան կախված է Հայաստանի իշխանություններից, իսկ իշխանության կատարած որոշակի միջոցառումներից զգում եմ, որ հասկացել են՝ կրիտիկական կետին է հասել, և այդ կրիտիկական կետից այն կողմ պետության կորուստն է: Եթե հաշվի առնենք, որ ժամանակակից քարտեզի վրա ցանկացած պետության կորստի համար սկսում են հաշվետու լինել իշխանություններն արդեն միջազգային մակարդակով, ես չէի ուզենա նման հարց բարձրանար պետության կորստի գնով: Կարծում եմ՝ պետք է շատ արագ անել այն միջոցառումները, որոնք արտաքուստ թվում են անլուծելի, անհաղթահարելի, սակայն շատ դյուրին լուծելի են. իրականում երկու նախապայման կա՝ նոր արդար խաղի կանոնները պահել անվերապահորեն, և երկրորդ՝ վերջապես սկսել հարգել քո պետության քաղաքացուն՝ հասկանալով, որ նա է քո բարեկեցության, քո ապահովության գրավականը, և որպես իշխանություն՝ պարտավոր ես պահպանել նրա բոլոր իրավունքները, չեմ ասում բոլոր պահանջները, որովհետև պետությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները, իսկ պահանջների մասին մարդը ինքը կհոգա, եթե իր իրավունքները պաշտպանված են:
– Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, շատերը դիտարկում են այն ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ընտրություններ:
– Համաշխարհային քաղաքագիտական փորձի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, մենեջերների մրցակցություն են, թե ով քաղաքի ավելի լավ մենեջմենթի ծրագիր կներկայացնի: Քանի որ Հայաստանում չկա մենեջմենթի պրակտիկա և որևէ ոլորտում, ապա միակ բանը, որ Հայաստանում կա, քաղաքական ինտրիգներն են, և մեխանիզմներն աշխատում են, թե որ կուսակցությունը կվերցնի քաղաքը: Ես, օրինակ, կտայի ձայն այն կուսակցությանը, որը կունենար հետևյալ լոզունգը՝ իսկ ինչո՞ւ միայն Երևան, որովհետև այնպես է ստացվել, որ Հայաստանը սահմանափակվել է Երևանով: Երևանի քաղաքապետի ընտրություններին գնալիս, դու բացի ամեն ինչից, պետք է նաև պատկերացնես, որ քաղաքը կարելի է հզորացնել և գեղեցկացնել, բայց ոչ ուրիշների հաշվին: Հայաստանում այդքան շինարարություն է տեղի ունեցել, բայց ողջ շինարարության մեխանիզմը սպասարկել է չորս-հինգ մարդու շահեր, այդ շինարարությունը չի սպասարկել քաղաքացուն: Տեսեք այդ շենքերը, Երևանից խլել են կանաչ տարածք, արտաքին տեսք, ճարտարապետական գամմա, այդքանով հանդերձ, եթե մենք խոսում ենք տնտեսական աճերի կամ Երևանի գեղեցկացման մասին, ես չեմ համարում, որ ամեն շինարարություն դա շինարար մոտեցում է քաղաքի հանդեպ, ես չեմ համարում, որ ամեն կառուցապատում գերագույն ակցիա է, և չեմ համարում վերջնական քաղաքային նպատակ»: Լինի քաղաք, թե պետություն` ցանկացած մենեջմենթ պետք է ուղղված լինի ոչ թե Երևանին կամ Հայաստանին, այլ երևանցուն կամ հայաստանցուն: Ցանկացած մենեջմենթ պետք է ուղղված լինի մարդուն, ոչ շենքերին: Այս անգամ քաղաքացին չի ընտրում լավի և վատի միջև, այլ ընտրում է մի թեթև հնարավորի և լրիվ անհնարինի միջև (ծիծաղում է): Եվ ահա, այս հնարավորի և անհնարինի սահմանը քիչ-քիչ պետք է փոխվի և լինի իսկական տարբերակում, մարդը պետք է կարողանա իր համար պահանջել այն, ինչին նա արժանի է հենց միայն իր ծնվելու փաստով, քանի որ հոգևոր ստրկությունից ֆիզիկական ստրկություն կես քայլ է:








































