Իրանի գլխավոր դատախազի իրավական հարցերով խորհրդական Աբդուլ Սամադ Հորամաբադին բացատրել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Wikipedia-ի էջի արգելափակման պատճառը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Իրանի նախագահի էջը առաջին անգամ արգելափակվել է 16 ամիս առաջ՝ այն պատճառով, որ այնտեղ հայտնվել է կեղծ տեղեկություն: Մենք ուսումնասիրել ենք այդ էջում զետեղված տեղեկությունը, և համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի՝ այդ էջին հասանելիությունը փակվել է»,- ասել է խորհրդականը:
Մի քանի օր առաջ մի շարք իրանական ԶԼՄ-ներ հրապարակեցին տեղեկություն այն մասին, որ Wikipedia-ում Մահմուդ Ահմադինեժադի էջն անհասանելի է Իրանում:
Հորամաբադին նշել է, որ Ահմադինեժադի էջի տեղեկությունը պարունակել է որոշ մեղադրանքներ, որոնք ապագայում կարող էին օգտագործվել Իրանի թշնամիների կողմից:









































