Այս պահին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունն է: Նախ լեփ-լեցուն հրապարակը «Հա-յաս-տան, Հա-յաս-տան» վանկարկումներով ողջունեցին բեմ բարձրացող Րաֆֆի Հովհաննիսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանը աջ ձեռքը սրտին դրած երգեց ՀՀ հիմնը՝ հրապարակում հավաքված ժողովրդի ձայնակցությամբ: Հետո ժողովուրդը վանկարկեց «Րաֆ-ֆի, նախագահ», «Հի-մա»:
«Ո՛չ կեղծ երդումներին, ո՛չ կեղծ նախագահներին, ո՛չ կեղծ վեհափառներին, կեցցե՛ Հայաստանը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր ինքը կեղծ երդում չի տալու, այլ տալու է ՀՀ-ի, մեր օրենքի, մեր Նժդեհի, մեր իրավունքի և մեր երեխաների երդումը:
«Ով հիմա մի քիչ այն կողմ համալիրում Աստվածաշնչի ու սահմանդրության վրա երդում են տալու, թող մտածեն, Աստված մեզ պահապան, հայ ժողովուրդը հաղթել է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:










































