Այսօր առավոտից ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մեկնարկեց դասադուլը: Դասադուլավորները նստած էին կենտրոնական մասնաշենքի աստիճաններին, որտեղ նրանց մոտեցան ոստիկաններ և պահանջեցին բացել ճանապարհը:
Քիչ անց ուսանողներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և պահանջեց դադարեցնել դասադուլը, քանի որ խանգարում են բուհի ուսումնական գործընթացին: Ուսանողները չենթարկվեցին պահանջին և շարունակեցին իրենց երթը դեպի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և կենսաբանության ֆակուլտետներ: Նրանք վանկարում էին՝ «Ազատ, անկախ ուսանող», «Դասադուլ», «Վերջ Սերժիկին»:
Կենսաբանության ֆակուլտետում դասադուլավոր ուսանողներից մեկը փորձեց մտնել մասնաշենք, սակայն ոստիկանները խոչընդոտեցին: Ուսանողն այդպես էլ չկարողացավ մտնել: Նրանք վանկարկում էին՝ «Ապասերժիկացում»:
Դասադուլավորները համալսարանականներին կոչ են անում ժամը 11-ին լինել Ազատության հրապարակում և մասնակցել ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Այժմ ուսանողները շարժվում են դեպի ՀՊՏՀ:







































