Վաղն՝ ապրիլի 9-ին կայանալիք ՀՀ գործող նախագահ, փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթած նախագահի նախկին թեկնածու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը պետք է մասնակցեր Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Այսօր Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակեց ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցող պատվիրակությունների ցանկը: Զարմանալիորեն այդ ցուցակում նշված չէ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդն ասաց, որ Միխեիլ Սաակաշվիլին մեծ ցանկություն ուներ մասնակցելու ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը և էլի կմասնակցեր, եթե իր հետ միջադեպ պատահած չլիներ:
«Եթե չեմ սխալվում, երեկ չէ առաջին օրը իր հետ դեպք պատահեց Անթալիայում: Նա հեծանիվ քշելիս կոտրել է ձեռքը։ Կարծես, հենց դա խանգարեց իրեն, որ մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Ճիշտ չէր լինի այդ վիճակով մասնակցելը»,- նկատեց Վան Բայբուրդը՝ հատկապես շեշտելով, որ նա մեծ ցանկություն ուներ մասնակցելու այդ արարողությանը:
Տեղեկացնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վնասել էր ձեռքը՝ հեծանիվից ընկնելու հետևանքով: Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահը կոտրել է ձեռքը թուրքական Անթալիա քաղաքում։ Նա տեղափոխվել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկը։
Տեղի ունեցածի պատճառով հետաձգվել են Թուրքիա այցի ընթացքում ծրագրված բոլոր միջոցառումները։








































