Ապրիլի 7-ին մեկնարկեց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու չառաջադրած կուսակցություններն այս ընտրություններին մասնակցում են, ավելին` մասնակցում են հաղթելու վճռականությամբ և Երևանը «գրավելու» ակնկալիքով: Խորհրդարանում իր ներկայացվածությամբ երկրորդ ուժը` ԲՀԿ-ն, ավելի քան մարտական է տրամադրված, որն արտահայտվում է դեռևս խոսքի և սպառնալիքների մակարդակում: ԲՀԿ-ն, ինչպես կուսակցականներն են նշել, պատրաստվում է փոփոխությունները սկսել Երևան քաղաքից՝ շարունակելով ամբողջ հանրապետությունում:
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ԲՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանդիպման ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ չեն ասում, թե Երևանը «բրոնյա են արել», բացի այդ` Երևանը Ստալինգրադը չէ, որ կրծքով պաշտպանեն: Իսկ ԲՀԿ առաջնորդը, բացի հաղթելուց և ժողովրդի «պետք»-երից խոսելուց, նշել էր, որ ԲՀԿ-ին վիրավորողն իր հետ է գործ ունենալու: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն իսկապես լուրջ է տրամադրված քաղաքապետի ընտրություններում հաղթելուն և Երևանից փոփոխություններ սկսելուն։ Բայց արդյո՞ք ԲՀԿ քաղաքապետերը չէին կարող իրենց քաղաքներից սկսել փոփոխությունները կամ արդյո՞ք սկսել են:
Մի քանի ամիս է, ինչ Գյումրիի քաղաքապետի պաշտոնն է ստանձնել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Գնահատելով Սամվել Բալասանյանի աշխատանքը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրիի «Շիրակ» կենտրոնի նախագահ, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Թումասյանն ասաց, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ համեմատած՝ քաղաքում այլևս չկա կրիմինալ մթնոլորտ։ Գյումրիի քաղաքապետին քննադատել չեն վախենում, բայց զուտ քաղաքային հարցերում մեծ առաջընթաց չի նկատվում։
«Գյումրիի քաղաքապետարան վերջին անգամ երկու ամիս առաջ եմ մտել, նույն սառը հարաբերություններն էին, ինչպես նախկինում: Կարող եմ ասել, որ քաղաքում աղբահանության խնդիրը փոքր-ինչ լավացել է, կա առաջընթաց աղբահանության ոլորտում, բայց դեռևս մեր ցանկությունները չեն բավարարվել: Ակտիվ կադրային քաղաքականություն էինք սպասում, այլ մոտեցումներ, ավելի արագ փոփոխություններ, բայց դեռ չեն եղել: Գյումրի քաղաքում Հայաստանից շատ խնդիրներ կան, որոնք դեռ չեն լուծվել: Հիմա եղանակները բացվել են, ակնկալում ենք, որ Բալասանյանը ցույց տա, որ ինքը հազար գլուխ ավելի լավ քաղաքապետ է, քան նախորդը»,- նշեց Վահան Թումասյանը՝ հավելելով, որ Գյումրիի համար «ուշացած» քայլ էր քաղաքապետին փոխելը, բայց դա փրկություն չէր, քանի որ Հայաստանում փրկություն կարող է լինել միայն Աստծո օգնությամբ:










































