Երուսաղեմի սուրբ վայրերի շուրջ լարված դրությունը, Իսրայելի ոստիկանության կողմից ուժի կիրառումն ու սոցկայքերը դարձել են 3 հիմնական գործոնները, որոնք հանգեցրել են իսրայելապաղստինյան հակամարտության սրմանը: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Թայե-Բրուք Զերիհունը` ՄԱԿ-Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, գրում է TASS-ը:
«Երուսաղեմի սուրբ վայրերում լարված դրությունը գլխավոր գրգռիչն է դարձել»,- ընդգծել է նա: Նրա խոսքերով` «պաղեստինցի և իսրայելցի ծայրահեղական տարրերի անպատասխանատու հայտարարությունները» կարծիք են ձևավորել, որ Իսրայելը ձգտում է փոխել սրբավայրերի ստատուս քվոն: «Այդ վախը լայնորեն տարածվել է համայն մուսուլմանական աշխարհում»,- ընդգծել է նա:
Ըստ նրա` թեժացումը բորբոքող երկրորդ գործոնը «Իսրայելի անվտանգության ուժերի կոշտ մոտեցումն է»:
«Եվ վերջինը: Մենք տեսանք` թեժացման հարցում ինչպիսի դեր խաղացին սոցկայքերն ու անպատասխանատու հռետորաբանությունը: Դրա հետ կապված մեղադրանքի են արժանի երկու կողմերն էլ, բայց ես ողջունում եմ առաջնորդների ջանքերը, ովքեր վերջին օրերին մեղմացրեցին իրենց հայտարարությունները»,- հավելել է քաղաքական գործիչը:










































