Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով բոլոր փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ են և առաջիկայում նախաքննությունը կավարտվի։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում գործով փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց փորձաքննության արդյունքների և առկա հակասությունների մասին։
Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմի իրականացրած փորձաքննության արդյունքների համաձայն, գործով մեղադրյալ Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի մոտ հոգեկան լուրջ շեղումներ կան։ Չնայած ռուսական կողմը նշում է, որ նա լիովին առողջ է, ոչ մի խնդիր չունի, հայկական կողմն այլ եզրակացության է եկել։
Հայտնի է դարձել, որ դեռևս 14 տարեկան հասակից Վալերի Պերմյակովը, ով թմրամիջոցներ և ոգելից խմիչքներ է օգտագործել։ Այս եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական կենտրոններում։ Մինչ դա էլ լուրջ կասկածներ են եղել նրա վարքի հետ կապված, բանակում գտնվելու ընթացքում իրեն դրսևորել շատ տարօրինակ։
Տուժող կողմի ներկայացուցիչը գտնում է, որ Պերմյակովի մեղադրանքը պետք է փոխվի, նաև մեղադրանք առաջադրվի նաև ավազակային հարձակման ու հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի հատկանիշներով:
Տուժող կողմի փաստաբանները անպայման բարձրացնելու են ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։ Թե ինչպես կարելի էր հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձին զորակոչել բանակ և թույլ տալ զենքով ծառայություն իրականացնել։
Երեմ Սարգսյանը վերջում հավելեց, որ միակ ողջամիտ դատաստանը ցմահ ազատազրկումն է։











































