Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունում ներգրավված բոլոր անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) գտնվում են կա՛մ առաջադրանքի մեջ, կա՛մ էլ ավիաբազայում։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։ Վերջինս նման կերպ հերքել է այն տեղեկատվությունը, թե Թուրքիան իր օդային տիրույթում ռուսական ԱԹՍ է կործանել։ Կարտապոլովը լրագրողներին ու ռազմական կցորդներին հայտնել է, որ բացարձակ պատասխանատվությամբ է հայտարարում այդ մասին՝ հավելելով, որ այդ տեղեկատվությունը հատուկ ճշտել է մամուլի ասուլիսից առաջ։
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել է, որ Սիրիայի հետ սահմանին խոցել է անհայտ պատկանելության ավիամիջոց։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ այն եղել է ռուսական ԱԹՍ։







































