Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Արթուր Մեյրոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ:
24-ամյա Արթուրը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում Արթուր Մեյրոյանը վիճել է Անդրանիկ Գ.-ի հետ: Վեճի ընթացքում նրանց է մոտեցել Արթուրի ընկեր Դավիթը:
Արթուրը գրպանից հանել է «շողացող առարկա», որը տեսնելով՝ Անդրանիկը վախեցել, մի կողմ է հրել Արթուրին: Նրանց հետևից քայլող Դավիթը հարվածել է Անդրանիկի գլխին: Անդրանիկը փախել է, բայց որոշ տարածություն անցնելուց հետո նրա ոտքը սայթաքել է, նա վայր է ընկել:
Արթուր Մեյրոյանը հասել է գետնին ընկած Անդրանիկին, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան ու պատճառել է որովայնի աջ կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող, աջ ազդրի ստորին մակերեսի ծակած-կտրած, ձախ ազդրի միջին մակերեսի ծակած-կտրած վնասվածքներ: Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Նրա օգնության կանչերից փողոց է դուրս եկել եղբայրը, ում տեսնելով՝ Արթուրն ու Դավիթը դիմել են փախուստի, իսկ Անդրանիկին եղբայրը տեղափոխել է հիվանդանոց:
Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մեյրոյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե 2014 թվականի դեկտեմբերի 25-ին ինքը գտնվել է Սասունիկ գյուղի շենքերից մեկի մոտ ու բջջային հեռախոսով խոսել է: Մոտակա կաթսայատան մոտից մեկը իրեն դիտողություն է արել ու կանչել է. «Պի՛պո, հլը արի»:
Ինքն ասել է՝ դու բան ունես ասելու, ես պիտի՞ գամ»: Ինքը տեսել է, որ դիտողություն անողը Անդրանիկն է: Նա մոտեցել է, իրենք խոսել են: Սկսել են վիճել: Հետո քաշքշել են իրար:
Ինքը գնացել նստել է Դավիթի տաքսին, որ քիչ հեռու էր կանգնած: Անդրանիկը մոտեցել, էլի քաշքշել է իրեն: Ինքը մեքենայի սրահից դանակ է վերցրել: Երբ Անդրանիկը քաշքշուկի հետևանքով ընկել է գետնին, ինքը դանակով անկանոն շարժումներ է արել ու պաշտպանվելու ընթացքում վնասել է Անդրանիկի ոտքերն ու որովայնը: Հետո ինքը հեռացել է:
Հետագայում՝ 2015 թվականի հունվարի 13-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Իրեն կալանքի տակ են առել:
Տուժողը հայտնել է, որ դեպքի օրը ինքը խանութից տուն էր գնում: Հասնելով շենքի մոտ՝ տեսել է, որ բակում կանգնած է մի սպիտակ «ՎԱԶ-2106» մեքենա: Նույն պահին տեսել է, որ շենքի բակում՝ շքամուտքի մոտ, Արթուր Մեյրոյանը միզում է ու միաժամանակ հեռախոսով բարձր հայհոյանքներ է տալիս: Ինքը նրան դիտողություն է արել, ասել է՝ «Պի՛պո, արի ստեղ»:
Արթուրն էլ իրեն «արա»-ով է դիմել, ասել է՝ արի կասեմ, արա:
Նա մոտեցել է, իրենք սկսել են վիճել: Ընթացքում Արթուրը մոտեցել է բակում կանգնած մեքենային: Մեքենայից իջել ու իրենց է մոտեցել նաև Դավիթը: Նրանք վիճել են իր հետ, ինքը նկատել է, որ Արթուրը գրպանից հանում է ինչ-որ շողացող առարկա, վախեցել է, Արթուրին մի կողմ է հրել:
Այդ ժամանակ Դավիթը հետևից խփել է իր գլխին: Ինքը փախել է: Մոտ տասը մետր վազելուց հետո ոտքը սայթաքել է, ինքը վայր է ընկել: Վրա է հասել Դավիթը, ոտքով խփել է իր դեմքին, դրանից աչքերի առաջը սևացել է: Երբ ինքը մեջքի վրա ընկած էր գետնին, Արթուրը մոտեցել է, դանակ է հանել, նստել է իր վրա ու դանակով հարվածել է երկու անգամ՝ ձախ ոտքին, մեկ անգամ՝ աջ ոտքին: Ինքը ձեռքերով հրել է Արթուրին, ու երբ ոտքերն ազատվել են, ոտքերով մի քանի անգամ խփել է նրան: Արթուրը վայր է ընկել, նա ընկած տեղից մի անգամ էլ դանակով հարվածել է իր որովայնին:
Ինքը սկսել է գոռալ, օգնություն կանչել: Հիշում է, որ եկել է իր եղբայրը, նա իրեն տուն է տարել, հետո տեղափոխել է հիվանդանոց:
Տուժողը հայտնել է, թե Արթուրի հետ հաշտվել է, նրանից բողոք-պահանջ չունի:
Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուր Մեյրոյանը հանդիսանում է «Անձի էմոցիոնալ անկայունության խանգարում» ախտորոշմամբ փսիխոպաթ անձնավորություն: Նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:
Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Մեյրոյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար և դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում նա կգտնվի նյարդահոգեբույժի հսկողության տակ:
Այս դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը՝ խնդրելով պայմանական դատապարտություն կիրառել կամ սահմանել ավելի մեղմ պատիժ:
Վերաքննիչ դատարան էին եկել Արթուրի հարազատները, այդ թվում՝ տարեց տատիկը, ով սպասում էր, որ թոռանը կալանքից ազատ կարձակեն, ու ասում էր՝ ծոցիս մեջ եմ թոռիս պահել-մեծացրել էն մութ ու ցուրտ տարիներին…
Արթուրի շահերի պաշտպանը իր պաշտպանյալի պատիժը մեղմացնելու մի քանի հանգամանքներ նշեց, բայց բողոքի դեմ առարկող դատախազն ասաց, թե այդ հանգամանքներն ընդհանուր իրավասության դատարանն արդեն հաշվի է առել ու սահմանել է մեղմ պատիժ, քանի որ մեղսագրված արարքի համար նախատեսված է 3-ից 7 տարի ազատազրկում:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը մերժեց, Արթուր Մեյրոյանի նկատմամբ սահմանված պատիժը մնաց անփոփոխ:









































