«Պեռնո Ռիկար» խումբը և Երևանի կոնյակի գործարանն այսօր Արմավիրի մարզի խաղողագործ Գնունի Անտոնյանի հետ կնքեցին 300 տոննա խաղողի մթերման երկարաժամկետ՝ 7 տարվա պայմանագիր, որում նշված է նվազագույն գին՝ 130 դրամ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը հայտարարեց, որ այսուհետ խաղողագործների հետ ԵԿԳ-ն կնքելու է երկարաժամկետ պայմանագրեր. առաջին փուլով նախատեսվում է այս տարի կնքել 413 պայմանագիր, իսկ մյուս տարի պայմանագրերը կկնքվեն 9 տարով, ընդհանուր պայմանագրերի թիվը առաջիկա տարիներին կհասցվի 2500-ի:
«ՀՀ-ում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ-ում մեծ ներդրումներ անելու վստահություն պետք է լինի, որպեսզի հիմնեն այգիներ և վստահ լինեն, որ իրենց բերքն իրացվելու է»,- ասաց Ա. Գրիգորյանը:
ԵԿԳ-ն երկու բանկի հետ բանակցություններ է վարում, որոնք կավարտվեն մինչև սեպտեմբեր, և գյուղացիներին վարկավորում կհատկացվի՝ խաղողի տարածքներ հիմնելու համար: ԵԿԳ ղեկավարի խոսքով՝ այսօր ամենամեծ խնդիրը ոչ թե խաղողի տարածքների ավելացումն է, այլ այգիների բերքատվությունը. մի այգում հեկտարից ստացվում է 8 տոննա, իսկ մյուսում՝ 20-30 տոննա: Պատճառը, ըստ Ա. Գրիգորյանի, այգիների ծերացումն է. դեռ պապերի տնկած այգիներն են մշակում:





































