Լոս Անջելեսի իշխանություններն ավարտել են լուսացույցների սինխրոնիզացման՝ մի քանի տարի շարունակվող աշխատանքը՝ քաղաքային խցանումների խնդիրը լուծելու համար: Այս մասին տեղեկացնում է Popular Science ամսագիրը:
Համակարգի կատարելագործման համար պահանջվել է մի քանի տասնամյակ և ծախսվել 400 միլիոն դոլար: Այժմ Հրեշտակների քաղաքը կարող է հպարտանալ ԱՄՆ-ում լուսացույցների կառավարման ամենալավ համակարգով: Քաղաքի մայրուղիների, ճանապարհների, ոչ մեծ փողոցների վրա տեղադրվել են էլեկտրամագնիսական ցուցիչներ, որոնք մշտապես վերլուծում են իրավիճակը և տեղեկատվությունը փոխանցում հատուկ կենտրոն:
Ծրագիրը հաշվարկում է լուսացույցի անջատման ժամանակը և տալիս համապատասխան հրաման: Այսպիսով, ծանրաբեռնված ժամերին և հանգստյան օրերին ազդանշանների հաճախականությունն էականորեն տարբերվում է: Բանուկ փողոցներում կանաչ լույսը կարող է անդադար վառվել և անջատվել միայն հետիոտնի կամ հարակից տարածքներից տրանսպորտի հայտնվելու դեպքում:
Համակարգը կարգավորում է երթևեկությունը. հաշվի առնելով առանձին խաչմերուկներում տիրող իրավիճակը՝ վարորդները կխնայեն 20-30% ժամանակ:
Լոն Անջելեսի լուսացույցների վերահսկման մասնագետները մշակել են յուրօրինակ ծրագիր, որը թույլ է տալիս հաշվի առնել 26 միլիոն ավտոմեքենաների երթևեկությունը:
Դիտորդները կարծում են, որ համակարգը լավ է աշխատում միայն քաղաքում, սակայն մայրուղիներում որոշակի ժամերին շարունակվում է պահպանվել ծայրահեղ բարդ իրավիճակը:








































