Նոյեմբերի 14-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Աղջիկը լուսնի վրա» յուրահատուկ պարային ներկայացումը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ:
Ներկայացումը, ինչպես նշեց դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու տիկին Վիլլին, մաս է կազմում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» երկամսյա շրջագայության, «որի ընթացքում ամերիկյան դեսպանատունը կարողանում է շփվել Հայաստանի իր հին ու նոր ընկերների հետ, և որը ցույց է տալիս Հայաստանի ու ԱՄՆ-ի իսկական բարեկամությունը արվեստի ու մշակույթի միջոցով»:
Տիկին Վիլլին նշեց, որ մինչև սրտի խորքը հուզող այս ներկայացումը հզոր հիշեցում է, որ մեզանից յուրաքանչյուրը, անկախ ունեցած հնարավորություններից կամ դրանց սահմանափակությունից, կարող է դրական ներդրում ունենալ հասարակության մեջ:
«Այս ներկայացումը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդկային կյանք արժեք է, և բոլոր մարդիկ կարող են կյանքում հաջողությունների հասնել՝ անկախ իրենց հնարավորություններից, եթե կարողանանք հաղթահարել մեր վախերն ու կարծրատիպերը»,- ընդգծեց տիկին Վիլլին:
Նշենք, որ ներկայացմանը մասնակցում էին, ինչպես պրոֆեսիոնալ պարողներ, այնպես էլ հաշմանդամություն ունեցող և սահմանափակ կարողությունների տեր անձինք:
Ներկայացումը պատրաստել էր պարուսույց Արինա Արարատյանը:







































