Եվրահանձնաժողովը մտադիր է զբաղվել ներգաղթյալների շրջանում տաղանդների որոնմամբ՝ հայտարարել է գիտական հետազոտությունների և ինովացիաների հարցերով եվրահանձնակատար Կարլուշ Մուեդաշը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Եվրահանձնաժողովը մտադիր է մեր համալսարանների համար ստեղծել հարթակ, որպեսզի մարդիկ, ովքեր մտադիր են գալ Եվրոպա, կարողանան տեսնել, թե ինչ մասնագիտական կարիքներ կան, ինչպիսի հնարավորություններ կան ստաժավորման համար։ Պետք է այդ մարդկանց մեջ եղած տաղանդների օգտագործման հնարավորություն լինի»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովը 50 մլն եվրոյի պայմանագրեր է կնքել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ՝ հարևան երկրներում ներգաղթյալներին աջակցելու համար, ասել է Մարդասիրական օգնության և ճգնաժամային արձագանքման հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը։
«Միայն փախստականների 10-15 տոկոսն է լքում միգրացիոն ճամբարները, մնացածն այնտեղ մնում են երկար՝ փաստացի բաց երկնքի տակ, այդ իսկ պատճառով մենք պետք է նրանց ակտիվ օգնություն ցուցաբերենք»,- ասել է հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը։









































