«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինովավերագրող, «Ելք» շարժման նախաձեռնող, լրագրող Վարդուհի Սիմոնյանը:
– Օրեր առաջ «Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող Կիմա Եղիազարյանը իշխանություններին ֆեյսբուքյան ստատուսներում քննադատելու համար ազատվեց աշխատանքից, Ձեր կարծիքով խմբագրի մոտեցումն արդարացի՞ էր, լրագրողն իր անձնական տեսակետը հայտնելու իրավունք չունի՞:
– Եթե Սահմանադրության 27-րդ հոդվածը դեռևս իր տեղում է, ուրեմն ցանկացած մեկն ունի խոսքի ազատության իրավունք` տեղեկատվության ցանկացած միջոցով: Առողջ համակարգերում ընդամենը մի հարց է կանգնած ՝ այսինչ բանը օրինակա՞ն է, թե՞ անօրինական՝ դրանից բխող պատժամիջոցներով: Իսկ մենք՝ որպես անօրեն պետություն, ցանկացած հարց քշում ենք խոհափիլիսոփայական խորշերը և գուսանություն անում բարու ու չարի, արդարի ու անարդարի, ճշտի ու սխալի մասին: Այսօր արդեն անհնար է ակտուալությունը պահպանել, եթե չես կշռվում սոցմեդիայի ժամանակակից գործիքներով, պատշաճ ներկայություն չունես «Ֆեյսբուքի» պես հզոր կոմունիկացիայում, ուր 350 հազարից ավելի ակտիվ ընթերցող կա: Լրագրողն այսօր իրավունք չունի այլևս քոռ-քոռ աշխատելու, Հայաստանում 350 հազար մարդ միանգամից նրա գործին խփել են, և լրագրողը պիտի սոցիալապես ադեկվատ լինի իրավիճակին: Մեր մեդիամենեջերներն էլ թող հասկանան ի վերջո, որ «Ֆեյսբուք» տեսնելուց հետո լրագրողներին այլևս անհնար է պահել սեփական ագիտպրոպի հանդամասում: Իսկ եթե նրանք ցանկանում են իրենց ֆաբրիկաներում բանեցնել միայն անլեզու և գաղափարազուրկ արարածների, ապա թող իրենց նեղություն տան և համապատասխան կորպորատիվ կոդեքսներ ստորագրել տան աշխատակիցներին գործի ընդունելուց առաջ, որի մի կետն էլ կհռչակի, որ «Ֆեյսբուքում» ստատուս գրելը հետապնդելի արարք է. բա մարդը չիմանա՞, թե ինչի դիմաց է իրեն տրվում օրվա հացը:
– Կիմա Եղիազարյանը հայտարարում է, թե երբեք իշխանության մարդը չի եղել, հնարավո՞ր է աշխատել իշխանական ամենածայրահեղ թերթում, 2003-ին, 2008-ին անխնա քննադատել ընդդիմությանը (այն ժամանակ Հայաստանում ընդդիմությունը միասնական էր՝ կար հստակ ընդդիմադիր և իշխանական ճամբար) և չհամարվել իշխանամետ լրագրող:
– Այս հարցին լուրջ պատասխանելու համար պետք է աhագին հումորով լինես, ասենք՝ «Կենտրոնի» Պետրոս Ղազարյանի չափ, ով այս լուրջ թեմայի վրա էլ հաջողացրեց իր շոու բիզնեսն անել: Ցավոք սրտի, Հայաստանում չկա կարգին մեդիաքննադատություն, հակառակ դեպքում ահագին բան ճիշտ կչափվեր ու այնպես կկտրվեր, որ ցինիզմը չէր շփոթվի լրագրության հետ, իսկ բոլոր ժամանակների ընդդիմադիրներին հայհոյող մեկը չէր կարող իրեն հալածյալ լրագրող հռչակել: Այ, եթե լիներ այդ մեդիաքննադատը, երկուսին էլ փաստարկված կբացատրեր, որ նրանց գործունեությունը բացարձակ կապ չունի լրագրության հետ և ամենևին կարիք չկա լրագրողական համերաշխության սկզբունքներով կաշկանդել Ղազարյան Պետրոսին, նա չպիտի անվանարկի միայն իր շոուբիզի գործընկերներին , հա, մեկ էլ Իվան Դուռակի հայկական նախատիպին: Ցավոք սրտի, այդ պրոֆեսիոնալ մեդիաքննադատությունն արդեն շատ է ուշանում, հակառակ դեպքում այս պատմությունն ընդհանրապես չէր լինի, որովհետև Կիման մի քիչ շուտ գլխի կընկներ, որ երբ խմբագիրդ քեզ դնում է մարդկանց անվանարկող ասեղի վրա, ապա վաղը արգելելու է շարադրել սեփական մտքերդ: Ես շատ տխրել եմ Կիմայի համար, և ոչ միայն այն պատճառով, որ երկրում արդեն իշխանական քարոզչին են հալածում, այլ նրա համար, որ պայծառ գրող ու լրագրող Գայանե Բաբայանը հեռացավ կյանքից, իսկ ինքը չհասցրեց ներողություն խնդրել իր թերթում նրան մինչև մազի ծայրը խայտառակելու համար: Տխուր է, շատ:
– Իսկ առհասարակ, ճի՞շտ է լրագրողի ընդդիմադիր և իշխանամետ տարբերակումը:
– Դժբախտություն է լրագրողի մասին այդպես մտածելը, բայց ես ու դու լավ գիտենք, կոլեգա, որ իսկական լրագրությունը հենց դժբախտությունից է, ցավոք, սնվում: Այդ առումով, Հայաստանը իդեալական երկիր է: Իմ համեստ կարծիքով՝ իշխանամետ լրագրող չի լինում, եթե, ասենք, Հանրային հեռուստաընկերությունում կան այդպիսիք, ապա նրանց գործունեությունը հակասահմանադրական է: Ոչ հեռուստատեսության և ոչ էլ ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը չի նախատեսում, չի սահմանում նրանց, և հարկ է այդպիսիներին ուղղակի պատասխանատվության ենթարկել: Որովհետև իշխանությունից կախվածությունը համարյա անբուժելի բան է՝ ի տարբերություն, ասենք, ալկոհոլիզմի: Իսկ լրագրողի ընդդիմադիր մակնշումն ուղղակի նոնսենս է, ոնց որ ասես՝ մարդասեր բժիշկ, կամ՝ երեխայասեր մայր: Պարզ չէ՞, որ լրագրությունը կոչված է փոխելու իրավիճակ ու հանգամանքներ, և այդ ճանապարհին ինչն իրեն խանգարում է, նա պիտի պատրաստ լինի դրան ընդդիմանալ: Շատ հաճախ մեզ խանգարում է քաղաքական համակարգի մյուս բաղադրիչը՝ օրվա ընդդիմությունը, որը բիզնես է անում իլյուզիաների վրա, այնինչ մենք փոփոխություններ ենք ուզում: Մի գաղտնիք ասեմ՝ մեկ պրոֆեսիոնալ լրագրողը կարող է փոխել երկրի մթնոլորտը, եթե, իհարկե, մի քիչ համեստ է, իսկ եթե համեստությունը կորցնի՝ ի վիճակի է նաև շրջել այդ երկիրը:
– Հիմա Հայաստանում ո՞ր լրագրողն է համարվում ընդդիմադիր, որը չի քննադատում Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, թե՞ նույնիսկ որոշ մարդիկ կարծում են՝ Գագիկ Ծառուկյանին:
– Իմ կարծիքով՝ քաղաքական գործչի համար ամենամեծ անպատվությունը մամուլի քննադատությունից դուրս մնալն է: Երբ քեզ չեն քննադատում, ուրեմն դու նոր ասելիք չունես: Ինչու նոր, որովհետև հինը միշտ բարին է և մարդկանց չի նյարդայնացնում, իսկ նորը միշտ չարն ու անընդունելին է, որը հունից հանում է բոլորին: Ձեր նշած երկու գործիչներից՝ Տեր-Պետրոսյանից ու Գագիկ Ծառուկյանից ահագին ժամանակ է նոր խաբար, նամակ չկա, և նրանց քննադատող ռեպերտուարով այլևս չես հետաքրքրի քո սպառողին. եթե նրանք նոր գաղափարներ չեն առաջարկում, ապա ինչու նրանց քաշքշել, կախել… մամուլի էջերից իհարկե: Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն է ձիու վրա, և նրա պայքարի դրամատուրգիան բավականին սուր և հետաքրքիր է գոնե ինձ համար. չնայած արդեն 3 մլն տարի է, ինչ մարդը տեսնում է համարյա նույն տեսարանը: Տեսակի զարգացումը տևական էվոլյուցիա է պահանջում, և նրա թվաքանակը բնության մեջ չի կարող լինել կրիտիկական, որովհետև նա զբաղված է ինքնակատարելագործմամբ և ոչ ամենևին՝ իր աշխարհագրական տարածքով: Բնության մեջ փախչող տեսակն է ամենաշատը տուժել, իսկ ահա ծառերը, որ միշտ կանգնած են անտառում, զինվորների պես շարվում են հավասար հեռավորության վրա, որովհետև անտառում լույսը քիչ է, և երևի հարկ է ավելի կարգապահ լինել ապրելու համար:
– Ի՞նչ է, առհասարակ, կատարվում լրագրողական դաշտում այսօր, մասնագիտական պարտականություններից կարծես թե շատերը շեղվել են մի փոքր:
– Կոռեկտ չէ հրապարակային հարթակներից քննադատել գործընկերներիդ, կրկնեմ՝ գործընկերներիդ, որովհետև կան այնպիսիք, որ, ճիշտ է, խաղում են մեր դաշտում, բայց ինչպես ասում են՝ մեզնից չեն, ասենք՝ «Բարգավաճ» կամ «Ապահով» Հայաստանից են, իսկ այդպիսի երկիր, ինչպես գիտեք՝ չկա: Ցավոք, մասմեդիան Հայաստանում հետևողականորեն փոշիացվում է. հեռուստատեսություններին ռեյտինգի մոլուցքը դարձրեց 55-70 տարեկան խորը կլիմաքս ապրող կանայք, և սովետի ամենադիտարժան էկրանը այսօր ունի ամենաարագ կրճատվող լսարանը: Թերթերն արտագաղթում են ինտերնետ և թափառում «Ֆեյսբուքում»՝ մի քանի կլիենտ կպցնելու հույսով, իսկ համացանցային պարբերականների դաշտում այնքան սպամ է լցված, որ ծածկում է այն հատուկենտ արժեքավորը, որը թողարկվում է օրվա ընթացքում: Պատճառներին տեղուդադար չկա. սա և՛ գովազդի մենաշնորհային բաշխումն է, և՛ կոռումպացված կուսակցությունների հոսքերն են, և՛ Բաղրամյան փողոցից մեդիայի վրա տեղացող մանիպուլյատիվ տեխնոլոգիաները, որոնց խնդիրն է մոլորեցնել հանրային կարծիքը: Այսպես որ, գնա ամենամեծ տեղեկատվական տարածք՝ «Ֆեյսբուքն» ավելի արագ կասիմիլացնի մասմեդիան, և օրինակ՝ հեռուստատեսությունն իր այս պառավական տեսքով դժվար էլ հայտնվի մեր բջջայինների ու պլանշետների վրա: Մի խոսքով, կոլեգա, ազատ խոսքն ու գիրը մարդու բնական պահանջն է, և այն չես կարող զսպել, ինչպես մնացած բնական պահանջները: Մենք պիտի դադարեցնենք սպառողի ներկայության էֆեկտի վրա պարազիտանալ. եկել է մասնակցության էֆեկտի ժամանակը, և այս հարցազրույցում ասված իմ խոսքը մինչև «Ֆեյսբուքում» չքննարկեմ իմ ընթերցողի հետ, չեմ կարող որոշել իմ մտքերի ակտուալությունը:







































